Մատչելի հղումներ

Վիրահատության դեպքում հիվանդները կարող են ազատվել նոպաներից


Վիրահատության դեպքում հիվանդները կարող են ազատվել նոպաներից
Վիրահատության դեպքում հիվանդները կարող են ազատվել նոպաներից

Գրեթե երեք միլիոն ամերիկացի տառապում է էպիլեպսիայի՝ ընկնավորության որևէ տեսակով:

Ընկավորությունն այն վիճակն է, որն առաջացնում է սուր, հաճախ՝ վտանգավոր նոպաներ: Այն կարող է կյանք խորտակել, մարդկանցից խլել անկախությունը և հստակ մտածելու կարողությունը, նրանց անհարմար վիճակի մեջ դնել բազմության մեջ:

Այժմ վիրահատությունը կարող է օգնել այս հիվանդներին:

Վեցամյա Քալեբը և չորսամյա Սիմեոնը սիրում են խաղալ խաղալիք մեքենաներով և գնացքներով:

Սակայն նրանց հոր՝ Վիկտոր Վանդերհուֆի համար դժվար էր, նույնիսկ վտանգավոր հոգ տանել նրանց համար, երբ տառապում էր էպիլեպսիայի անկանխատեսելի նոպաներով:

«Ես կորցնում եմ գիտակցությունս, և իրականում չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել», - ասում է Վիկտորը:

Դեղորայքը չի օգնել: Նա նոպա է ունեցել նույնիսկ մեքենա վարելիս, երբ մեքենայի մեջ ավագ որդին է եղել: Ոչ ոք չէր տուժել, սակայն Վիկտորը անհաշտ էր ներքուստ:

«Հիշում եմ, մի օր Աստծուն դիմեցի, որ այլևս չեմ կարող այդպես ապրել. կամ վերցնում է կյանքս, կամ լուծում տալիս խնդրին», - ասում է Վիկտորը:

Վիկտոր Վանդերհուֆը հանդիպեց Վանդերբիլթ համալսարանից բժիշկ Ջոզեֆ Նեյմաթին, ով նրան պատմեց վիրահատության մասին:

«Վիրահատության դեպքում հիվանդների 70 տոկոսը ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ ազատվում է նոպաներից», - ասում է բժիշկ Նեյմաթը:

Բժիշկների խումբը Վիկտորի ուղեղի մեծ թվով հետազոտություններ է իրականացրել և գտել, որ նրա նոպաների պատճառը գտնվում են հիպոկամպ՝ ծովաձիուկ կոչվող գեղձում: Բժիշկները վիրահատության միջոցով հեռացրել են այդ շրջանից փոքր հյուսվածք:

Արդեն երեք տարի է, ինչ Վիկտորը, որը նախկինում շաբաթական երեք նոպա է ունեցել, ոչ մի նոպա չունի՝ նույնիսկ առանց որևէ դեղորայքի կիրառման: Նրա կինը նույնիսկ նամակ է ուղարկել բժիշկներին՝ գրելով, որ էպիլեպսիան զգալիորեն դժվարացնում էր կյանքը Վիկտորի և իր ընտանիքի համար, սակայն վիրահատությունը փոխեց այդ ամենը:

«Վիրաբույժի համար Վիկտորի դեպքն ամենահաջողված դեպքերից է, որը դեպի լավն է փոխում հիվանդների կյանքը», - ասում է բժիշկ Նեյմաթը:

Վիկտորն այժմ կարող է մեքենա վարել, և ավելի կարևոր՝ լինել առողջական խնդիրներ չունեցող հայր:

Դոկտոր Նեյմաթի կարծիքով, այս վիրահատությունը հիվանդների համար լուծում չէ, եթե բժիշկները չեն կարողանում ուղեղի վրա գտնել այն հատվածը, որը նոպաներ է առաջացնում: Ավանդական վիրահատությունը պահանջում է ավելի մեծ կտրվածք և այդ դեպքում հեռացվում է հյուսվածքի ավելի մեծ հատված: Բժիշկները նույն հաջողությունն են գրանցել ավելի քիչ միջամտությամբ վիրահատության դեպքում, որից հետո հիվանդներն ավելի արագ են վերականգնվում:

XS
SM
MD
LG