Մատչելի հղումներ

Ոտքի կանգնեք՝ ձեր կյանքը փրկելու համար


Բոլորիս է հայտնի, որ մարզանքն օգտակար է: Առողջ մնալու համար բժիշկները խորհուրդ են տալիս մեծահասակներին շաբաթական մարզվել առնվազն150 րոպե:

Անջելա Ուոլթաուըրը և Թոդ Հուկինսը միասին են աշխատում:

Թոդն իր օրվա մեծ մասն այսպես է անցկացնում. «Ընդմիջում ունես, երբ տպիչի մոտ ես գնում կամ ընդմիջման սենյակ, սակայն աշխատանքի մեծ մասը նստած ես»:

Այժմ առողջության և հիվանդության միտումները ուսումնասիրող համաճարակաբաններն ասում են, որ նստած անցկացված ժամանակը կրճատում է մեր կյանքը: Նրանց համաձայն, օրական երեք և ավել ժամ նստելու դեպքում մահվան ավելի շուտ հասնելու հավանականությունը բարձրանում է:

Հետազոտողները 14 տարի հետևել են ավելի քան 120 հազար կանանց և տղամարդկանց: Օրական վեց ժամից ավելի նստած անցկացնող կանանց մոտ մահանալու վտանգն աճել է 37 տոկոսով, տղամարդկանց դեպքում՝ 17 տոկոս: Օրական վեց և ավելի ժամ նստած անցկացնող և մարզանք չկատարած կանանց մոտ այդ վտանգը կրկնակի էր: Տղամարդկանց շրջանում դա գրեթե 50 տոկոս ավելացում էր:

Վիճակը սակայն կարելի է բարելավել: «Աշխատակցին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու փոխարեն քայլեք նրա մոտ, երկարացրեք դեպի տպիչ ճանապարհը, մարզվեք ճաշի ժամին, կամ աշխատելիս վարժություններ կատարեք վարժանքի գնդակի վրա», - խորհուրդ են տալիս հետազոտողները: Բացի այդ, ակտիվորեն շարժվելու դեպքում ավելի շատ կալորիա է այրվում:

Ըստ հետազոտողների, որքան քիչ ժամանակ անցկացնեք նստած, այնքան մեծ է հնարավորությունը, որ ձեր սրտի աշխատանքը կբարելավվի:

Հետազոտողները կարծում են, որ երկար ժամանակ մարզանք չկատարելը վնասակար է առողջության համար, ուստի գործունեություն ծավալելը կարևոր է՝ անկախ, թե որտեղ ես: Հետագա ուսումնասիրությունը կարող է օգնել համաճարակաբաններին առանձնացնել նստած լինելու այն տեսակները, որոնք առավել վտանգավոր են առողջության համար: Առայժմ սակայն հայտնի չէ, արդյոք մեքենայի մեջ նստած լինելը նույնքան վտանգավոր է, որքան գրասեղանի կամ հեռուստացույցի առջև նստելը:
XS
SM
MD
LG