Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն ուրբաթ օրը փոխանակեցին 14 լրտեսների, ինչը Սառը պատերազմի ավարտից հետո լրտեսների ամենամեծ փոխանակումն էր երկու երկրների միջեւ։
Ամերիկյան օդանավը, որի մեջ էին վերջերս ձերբակալված ռուս 1Օ լրտեսները, կանգ առավ ռուսական այն օդանավի մոտ, որն այստեղ էր բերել ԱՄՆ-ի համար լրտեսություն իրականացրած չորս ռուսներին։ Փոխանակությունն արագ իրականացվելուց հետո, երկու ինքնաթիռները թռան անհայտ ուղղություններով։
Ռուս լրտեսներին ԱՄՆ-ը հինգշաբթի օրն էր արտաքսել երկրից այն բանից հետո, երբ նրանք իրենց մեղավոր էին ճանաչել։ Իսկ մինչեւ ԱՄՆ-ի համար լրտեսած ռուս 4 լրտեսներին Վիեննա տեղափոխելը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նրանց ներում էր շնորհել։ Այդ չորսից առնվազն մեկը պնդել է իր անմեղությունը։
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ում ռուս 1Օ լրտեսների երկարատեւ ազատազրկումը չէր նպաստելու երկրի ազգային անվտանգությանը։ Այդ պատճառով ԱՄՆ-ը, օգտվելով հնարավորությունից, հասավ նրան, ազատվեցին ռուսական բանտերում երկար ազատազրման արժանացած չորս ռուսները, որոնց մի մասն այսօր ունի առողջական լուրջ խնդիրներ։
11-րդ կասկածյալը, որին դրամական երաշխավորագրով ազատ էին արձակել Կիպրոսում, դիմել է փախուստի։