Մատչելի հղումներ

«Սպիտակի երկրաշարժից տուժածները 25 տարի շարունակ օգնության են սպասում»


«Ոչնչացվել էր հիմնական ենթակառուցվածքը՝ էներգամատակարարումը, ջրամատակարարումը, դպրոցներն ու փողոցները: Մենք պարզապես չունենք աշխատանքներն ավելի արագ իրականացնելու ֆինանսական հնարավորություններ». Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ

Քառորդ դար առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժը վայրկյանների ընթացքում լիովին կամ մասամբ ոչնչացրել էր Հայաստանի հյուսիսում գտնվող Սպիտակ, Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներն և բազմաթիվ գյուղեր ու ավաններ:

6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ հետևանքով զոհվածների թիվը գերազանցել էր 25 հազարը, ավելի քան կես միլիոն մարդ անօթևան էր մնացել: Հայաստանի տնտեսությանը հսկա վնաս էր հասցվել:

Երկրաշարժից հետո Հայաստան արտասահմանից ժամանել էին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ: Սփյուռքից հայրենիք էին շտապել բազմաթիվ հայեր՝ իրենց հետ բերելով տուժածների համար այնքան անհրաժեշտ սնունդ, հագուստ և դեղամիջոցներ:

Սպիտակի երկրաշարժին հաջորդած տարիներին բազմաթիվ պետություններ շարունակել էին օգնություն տրամադրել Հայաստանին: Այսպես, Սպիտակում իտալացիներն ու ավստրիացիները կառուցել էին բնակելի թաղամասեր, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց: Գյումրիում Մեծ Բրիտանիայից ժամանած շինարարները դպրոց էին կառուցել:

Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին անդրադարձել է «Դոյչե Վելլե» լրատվական գործակալությունը, որը «Սպիտակի երկրաշարժից տուժածները 25 տարի շարունակ օգնության են սպասում» հոդվածում նկարագրել է Գյումրիի «դոմիկներում» մինչ օրս բնակվող մարդկանց տնտեսական և բնակարանային ծանր պայմանները, որոնք հատկապես դժվարին են դառնում ձմեռային եղանակին:

Հոդվածում մեջ է բերվում Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի խոսքը, որի համաձայն նախքան Խորհրդային Միության 1991 թվականին տեղի ունեցած փլուզումը Գյումրիում կառուցվել էր 4 հազար, իսկ վերջին 22 տարվա ընթացքում՝ ևս 20 հազար բնակարան, սակայն դա բավարար չէ:

«Ոչնչացվել էր հիմնական ենթակառուցվածքը՝ էներգամատակարարումը, ջրամատակարարումը, դպրոցներն ու փողոցները: Մենք պարզապես չունենք աշխատանքներն ավելի արագ իրականացնելու ֆինանսական հնարավորություններ», - ասել է Մարգարյանը:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Մարգարյանի համաձայն, մոտ 3,5 հազար ընտանիք, որոնք շարունակում են բնակվել ժամանակավոր կացարաններում, չունեն բնակարան ստանալու իրավունք, քանի որ նրանք տեղափոխվել են Գյումրի մոտակա գյուղերից՝ աշխատանք փնտրելու նպատակով, կամ արդեն ստացել են բնակարան և վաճառել այն: Մարգարյանի համաձայն, քաղաքում շարունակվում են բնակարանների կառուցման աշխատանքները, և նորակառույց բնակարանները տրամադրվում են հատուկ պայմաններին բավարարող ընտանիքներին:

«Դոյչե Վելլե»-ն սակայն գրում է, որ տեղի բնակիչները դեռևս վկայում են այն մասին, որ ցուրտ եղանակին դեռևս լինում են դեպքեր, երբ իրենց չջեռուցվող ժամանակավոր կացարաններում մարդիկ մահանում են ցրտից:
XS
SM
MD
LG