Մատչելի հղումներ

Առևտրի համաշխարհային նոր կենտրոնը դարձավ Արևմտյան կիսագնդի ամենաբարձր շենքը


Շինարարության ավարտը նշանավորում է 2001 թվականին նույն վայրում իրականացված ահաբեկչական հարձակումից հետո Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքի վերածնունդը

Նյու Յորքի առևտրի համաշխարհային կենտրոնի թիվ մեկ շենքի տանիքի վրա արծաթագույն մետաղյա աշտարակի տեղադրմամբ ավարտվել է այս շենքի շինարարությունը՝ նշանավորելով 2001 թվականին նույն վայրում իրականացված ահաբեկչական հարձակումից հետո Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքի վերածնունդը:

Արծաթափայլ մետաղյա աշտարակը տեղադրելուց հետո նոր շենքը հասել է 1776 ֆուտ՝ 541 մետր բարձրության: «1776» թիվը խորհրդանշում է Միացյալ Նահանգների կողմից Մեծ Բրիտանիայից անկախության հռչակման տարեթիվը:

124 մետր բարձրությամբ աշտարակի քաշը կազմում է 758 տոննա: Աշտարակում տեղադրված է ալեհավաք, որը կսպասարկի շենքում իր գործունեությունը ծավալել նախատեսող հեռարձակող ընկերություններից մեկը:

Առևտրի համաշխարհային նոր կենտրոնը, որը գործարար կազմակերպությունների համար դռները կբացի գալիք տարի, գրասենյակային հսկայական մի քանի շենքի հետ միասին կառուցվել է այն վայրում, որտեղ կանգնած էին եղել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «ալ-Քաիդա»-ի ահաբեկիչների կողմից մարդատար օդանավերի միջոցով իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով փլուզված Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ շենքերը:

Առևտրի համաշխարհային նոր կենտրոնի թիվ մեկ շենքը կդառնա Միացյալ Նահանգների ամենաբարձր, իսկ աշխարհում՝ երրորդ ամենաբարձր շենքը: Դա սակայն կախված է դրանից, թե արդյոք մետաղյա աշտարակը կհամարվի շենքի ճարտարագիտական մաս կազմող տարրերից մեկը. հակառակ դեպքում, շենքի բարձրությունը տանիքի մակարդակի վրա զգալիորեն ցածր կլինի հայտարարված 1776 ֆուտից:
XS
SM
MD
LG