Մատչելի հղումներ

Յուրահատուկ սննդի վաճառքն ԱՄՆ-ում աճում է


Յուրահատուկ սննդի վաճառքն ԱՄՆ-ում աճում է
Յուրահատուկ սննդի վաճառքն ԱՄՆ-ում աճում է

Չնայած երկրի տնտեսական վատ վիճակին՝ յուրահատուկ սննդի և խմիչքների վաճառքը Միացյալ Նահանգներում աճում է:

Շատ ամերիկացիներ սիրում են յուրահատուկ կերակուրներ:

«Երևակայելի սննդի ցուցահանդես»-ին համեղ պատառներ՝ որքան կուզես: Այստեղ ներկայացվել է գրեթե 180 հազար սննդատեսակ:

Առևտրային այս ցուցահանդեսը Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ ցուցահանդեսն է, որը գրավել է 81 երկրների արտադրողներին:

«Սա սպառողին հասնելու արդյունավետ եղանակ է, ինչպես նաև մեր արտադրանքը ցուցադրելու, համտեսելու հնարավորություն: Ես չեմ կարող 300 արտադրատեսակով ճամփորդել տարբեր վայրեր, իսկ այստեղ նրանք գալիս են մեր աշխարհ», - ասել է բարձրակարգ շոկոլադ արտադրող Էլիըն Մայերսը:

Ամերիկացիներն անցյալ տարի 70 միլիարդ դոլար են ծախսել յուրահատուկ սննդի վրա: Յուրահատուկ սննդի առևտրի ազգային ընկերակցության խոսնակ Լուիզ Քրեմըրի համաձայն, «գուցե մարդիկ չեն գնում շռայլ մեքենաներ, սակայն նրանք գնում են հրաշալի շոկոլադե սալիկներ: Չնայած մարդիկ դադարել են դուրսը հաճախակի ճաշել, ամերիկացիները դրսում ճաշելիս ավելի բարդ և հետաքրքիր կերակրատեսակներ են փնտրում»:

«Երևակայելի սննդի ցուցահանդես»-ը սկսվել է անցկացվել 1950-ականների սկզբին՝ օտարերկրացի արտահանողներին հնարավորություն ընձեռելով Միացյալ Նահանգների սպառողներին ներկայացնել իրենց արտադրանքը:

«Նրանց իսկապես հետաքրքրել է մեր հիբիսկուսի կարմիր ծաղկի ջեմը: Այն պատրաստվում է հիբիսկուսի թարմ ծաղիկներից։ Նրանց դա հետաքրքրում է և ցանկանում են համտեսել», - ասում է Սենեգալի առևտրական Լաուրե Թալը:

Մերիեմ Թուրին Փղոսկրի Ափից է: Նրա խոսքերով՝ «կեշյու» տեսակի ընկույզի իրենց արտադրանքն ԱՄՆ-ում վաճառելն օգնում է իրենց երկրում 800 աշխատողների:

«Գործարանը գտնվում է Փղոսկրի Ափի ամենաաղքատ թաղամասում: Մենք մարդկանց ենք վարձել, որպեսզի նրանք կարողանան սննդով ապահովել իրենց ընտանիքներին: Եվ այս ցուցահանդեսին մասնակցելու հնարավորությունը, գնորդներ գտնելը կօգնի, որպեսզի մենք ավելի շատ արտադրենք, և մեր աշխատողներն է՛լ ավելի շատ օգնեն իրենց ընտանիքներին», - ասում է Մերիեմ Թուրին:

Երևակայելի սննդի ցուցահանդեսին ներկայացվում են նաև ամերիկյան արտադրատեսակներ:

«Մեզ սննդի ցանցի երկու խանութ է ընտրել արդեն», - ասում է «Lefty’s Barbecue» ընկերության ներկայացուցիչ Ուոլթեր Նեշը:

Ըստ տնտեսագետների՝ յուրահատուկ կերակուրների ամերիկյան ոլորտը կշարունակի աճել, քանի որ սպառողներն իրենց հարատև փոփոխվող ախորժակի համար փնտրելու են յուրահատուկ կերակրատեսակներ:

XS
SM
MD
LG