Մատչելի հղումներ

Հարավային Կորեան խոստացել է «անհապաղ արձագանքել» Հյուսիսային Կորեային


«Հարավային Կորեայի և երկրի ժողովրդի նկատմամբ սադրիչ որևէ գործողության անհրաժեշտ է տալ հուժկու արձագանք», - Հարավային Կորեայի նախագահ

Հարավային Կորեայի նախագահը երկուշաբթի օրը զգուշացրել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից որևէ հարձակում իրականացնելու դեպքում նման հարձակումը կարժանանա «անհապաղ արձագանքի»:

«Հարավային Կորեայի և երկրի ժողովրդի նկատմամբ սադրիչ որևէ գործողության անհրաժեշտ է տալ հուժկու արձագանք՝ մարտի տեսքով, առանց քաղաքական որևէ նկատառումների», - ասել է Հարավային Կորեայի նախագահ Փաք Քին Հեն՝ երկուշաբթի օրը երկրի պաշտպանության նախարարի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցկացված հանդիպման ընթացքում:

Հարավային Կորեան վերջերս փոխել է իր զինված ուժերի ստորաբաժանումների կողմից մարտական գործողություններ մեկնարկելու կանոնները՝ թույլատրելով զինված ուժերի ստորաբաժանումներին անմիջապես արձագանքել հարձակումների՝ չսպասելով կենտրոնական հրամանատարության թույլտվության:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը Հյուսիսային Կորեային անցյալ շաբաթվա վերջին կոչ էր արել դադարեցնել «անընդունելի սպառնալիքները»։
Հարավային Կորեան նույն հայտարարությամբ տեղեկացրել էր, որ իր ուժերը բերվել են բարձր պատրաստվածության և պատրաստ են ամեն պահի «պատժել Հյուսիսին, եթե սադրանքը շարունակվի»։

Այս հայտարարությամբ Սեուլը հանդես է եկել այն բանից հետո, երբ Փխենյանը հայտարարել էր, թե հյուսիսի իր հարևանի հետ մտնում է «պատերազմական դրության մեջ»։ Փխենյանը սպառնացել էր նաև հարձակումներ իրականացնել ընդդեմ ամերիկյան ռազմական հենակետերի։
XS
SM
MD
LG