Մատչելի հղումներ

Ռուսաստանը Սնոուդենին ժամանակավոր ապաստան է տրամադրել


ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների պայմանագրային նախկին աշխատողը հեռացել է Մոսկվայի օդանավակայանից

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենը ստացել է Ռուսաստանում ժամանակավոր ապաստանի թույլտվություն և հեռացել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցման գոտուց:

Սնոուդենի փաստաբան Անալոլի Կուչերենան հինգշաբթի օրը հաղորդել է, որ փախուստի մեջ գտնվող 30-ամյա Սնոուդենին Ռուսաստանի իշխանությունները տրամադրել են մեկ տարվա ժամանակավոր ապաստանի իրավունք: Էդվարդ Սնոուդենն օդանավակայանից հեռացել է փաստաթղթերը ստանալու մի քանի ժամ անց:

Փաստաբան Կուչերենայի համաձայն, ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների պայմանագրային նախկին աշխատողի գտնվելու վայրի մասին տեղեկությունները գաղտնի են պահվում՝ ելնելով վերջինիս անվտանգության նկատառումներից:

Սնոուդենին Ռուսաստանում ժամանակավոր ապաստան տրամադրելը կարող է ավելացնել լարվածությունը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել էր Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինին Սնոուդենին Միացյալ Նահանգներին փոխանցելու խնդրանքով, սակայն Ռուսաստանի ղեկավարը մերժել է այս խնդրանքը: Այս կապակցությամբ Միացյալ Նահանգներն արդեն իսկ արտահայտել է իր հիասթափությունը:

ԱՄՆ-ի անվտանգության ազգային ծառայության տնօրենը նախօրեին հրապարակել է նախկինում գաղտնի համարվող երեք փաստաթուղթ, որոնց հիման վրա Միացյալ Նահանգների անվտանգության ծառայությունները գաղտնալսումներ էին իրականացնում:

Հետախուզական ծառայությունների այս գործունեության մասին էր հաղորդել ԱՄՆ-ի անվտանգության ծառայության պայմանագրային նախկին ծառայող Էդվար Սնոուդենը:

Հրապարակված փաստաթղթերի թվում են ԱԱԾ-ի 2009 և 2011 թվականի զեկույցները, որտեղ հավաքված են գաղտնալսումների արդյունքները: Բացի այդ, հրապարակվել է դատարանի այն որոշումը, որը սահմանում է այս եղանակով հավաքված տեղեկությունները պահելու և դեպի այս տեղեկությունները մուտքի տրամադրման կանոնակարգերը:

ԱՄՆ-ի ԱԱԾ-ի տնօրենի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե փաստաթղթերի հրապարակումն իրականացվում է՝ «ելնելով թափանցիկության բարելավման նկատառումներից»:
XS
SM
MD
LG