Մատչելի հղումներ

Սնոուդենը ժամանակավոր ապաստանի դիմում է ներկայացրել Ռուսաստանին


Էդվարդ Սնոուդենը՝ Մոսկվայի օդանավակայանում, 12 հուլիսի 2013թ. (արխիվային լուսանկար)
Էդվարդ Սնոուդենը՝ Մոսկվայի օդանավակայանում, 12 հուլիսի 2013թ. (արխիվային լուսանկար)

30-ամյա Սնոուդենը դիմում է ներկայացրել երեքշաբթի օրը Ռուսաստանի միգրացիայի դաշնային ծառայությանը

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենը ժամանակավոր ապաստանի դիմում է ներկայացրել Ռուսաստանի իշխանություններին:

Փաստաբան Անատոլի Կուչերենայի համաձայն, 30-ամյա Սնոուդենը դիմում է ներկայացրել երեքշաբթի օրը Ռուսաստանի միգրացիայի դաշնային ծառայություն՝ չնայած այն հանգամանքի, որ ինքը, վերջ ի վերջո, նախատեսում է տեղափոխվել Լատինական Ամերիկա:

Սնոուդենը, որը փորձում է խուսափել գաղտնի տեղեկությունների արտահոսք կատարելու պատճառով Միացյալ Նահանգներում լրտեսության մեղադրանքներով դատարանի առջև կանգնելուց, արդեն չորս շաբաթ գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցման գոտում:

Լատինական Ամերիկայի ձախամետ երեք պետություն՝ Վերեսուելան, Բոլիվիան և Նիկարագուան, քաղաքական ապաստան են առաջարկել Սնոուդենին, որը սակայն չի կարողանում լքել «Շերեմետևո»-ի տարանցման գոտին, քանի որ Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել նրա անձնագիրը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավել վաղ ասել է, որ չգիտի, թե ինչպես է զարգանալու Սնոուդենի հետ կապված իրավիճակը: Նա ասել է, թե Միացյալ Նահանգները «վախ են ներշնչել այլ պետություններին», և վերջիններս հրաժարվում են նրան ընդունելուց:

Նախագահ Պուտինի համաձայն, Սնոուդենի գործն այժմ «գտնվում է փակուղու մեջ», սակայն ինքը ակնկալում է, որ Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունների պայմանագրային նախկին աշխատողը կտեղափոխվի այլ երկիր «առաջին իսկ հնարավորություն ունենալու դեպքում»:
XS
SM
MD
LG