Մատչելի հղումներ

Պուտին. «Ռուսաստանը չի հանձնի Սնոուդենին»


«Պարոն Սնոուդենն ազատ մարդ է: Որքան ավելի արագ նա ընտրի իր վերջնակետը, այդքան ավելի լավ կլինի մեզ և նրա համար»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրն ասել է, որ ԱՄՆ-ի լրտեսական գործակալությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենը դեռևս գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցման գոտում, և որ նա կարող է հեռանալ երկրից և պետք է դա անի հնարավորինս արագ:

Ֆինլանդիա կատարվող իր այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պուտինը հույս է հայտնել, որ Սնոուդենի գործն ազդեցություն չի ունենալու Վաշինգտոնի հետ հարաբերությունների վրա, որը ցանկանում է, որ Ռուսաստանը նրան ուղարկի Միացյալ Նահանգներ, սակայն նշել է, որ Մոսկվան չի փոխանցի Սնոուդենին:

«Օտարերկրյա քաղաքացիներին մենք կարող ենք փոխանցել միայն այն երկրներին, որոնց հետ կնքված են հանցագործների փոխանցման մասին համաձայնագրեր», ասել է Պուտինը՝ հավելելով, որ Սնոուդենը Ռուսաստանում որևէ հանցագործություն չի գործել:

Պուտինը հերքել է Մոսկվայի դեմ ուղղված մեղադրանքները և ասել, որ Ռուսաստանի հետախուզական ծառայությունները չեն աշխատել Սնոուդենի հետ:

Միացյալ Նահանգների հետախուզական գաղտնի ծրագրերի մասին տեղեկությունների հրապարակման մեջ մեղադրվող Սնոուդենը կիրակի օրը Հոնկոնգից տեղափոխվել էր Մոսկվա: ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, դիվանագետներն ու ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պաշտոնյաները բանակցում են Ռուսաստանի իշխանությունների հետ:

«Պարոն Սնոուդենն ազատ մարդ է», - ասել է Պուտինը՝ հավելելով. «Որքան ավելի արագ նա ընտրի իր վերջնակետը, այդքան ավելի լավ կլինի մեզ և նրա համար»:
XS
SM
MD
LG