Մատչելի հղումներ

«Ժամանակակից երեխաներն մասնավոր կյանք չեն ունենա». Սնոուդեն


Ռուսաստանում ապաստան ստացած ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայողը հանդես է եկել «սուրբծննդյան այլընտրանքային ուղերձով»

Մեծ Բրիտանիայում հեռարձակվել է ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայող Էդվարդ Սնոուդենի «սուրբծննդյան այլընտրանքային ուղերձը», որտեղ վերջինս զգուշացրել է, որ գաղտնալսումների տեխնոլոգիաների զարգացումը նշանակում է, որ ներկայիս սերնդի երեխաները «երբեք չեն իմանալու, թե ինչ է նշանակում մարդու «ինքն իր նետ մնալու» զգացումը:

Իր ելույթում Էդվարդ Սնոուդենը զգուշացրել է այն վտանգների մասին, որոնք կապված են մարդկանց մասնավոր կյանքի գաղտնիության կորստի հետ:

Մոսկվայում ձայնագրված և Մեծ Բրիտանիայում «Channel 4» հեռուստաալիքով ցուցադրված տեսաուղերձում Սնոուդենը խոսել է գաղտնալսումների հետ կապված մտահոգությունների մասին՝ զուգահեռներ անցկացնելով բրիտանացի գրող Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիական վեպի հետ, որտեղ նկարագրվում է իր քաղաքացիների տոտալ հսկողություն իրականացնող մտացածին պետությունը:

«Ջորջ Օրուելը զգուշացրել է մեզ նման վտանգների մասին: Իր գրքում նկարագրված տեղեկությունների հավաքման եղանակները՝ խոսափողներն ու տեսախցիկները, ինչպես նաև հեռուստատեսությունը, հնարավոր չէ համեմատել այն մեթոդների հետ, որոնք առկա են այսօր: Գրպանում մենք պահում ենք սարքեր, որոնք անընդհատ տեղեկություններ են հաղորդում մեր գտնվելու վայրի մասին: Պատկերացրե՛ք, թե դա ինչ է նշանակում սովորական մարդու անձնական կյանքի համար», - ասել է Սնոուդենը:

ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայողի համաձայն, այսօր լույս աշխարհ եկող երեխաները պատկերացում չեն ունենալու անձնական կյանքի գաղտնիության մասին:

«Նրանք երբեք չեն ճանաչի «ինքն իր նետ մնալու» զգացումը, երբ նրանք մտորումները ոչ ոք չի ձայնագրում և վերլուծության ենթարկում: Հենց այդ է խնդիրը, քանի որ մեր անձնական գաղտնիությունն այն է, ինչ թույլ է տալիս մեզ հասկանալ, թե ով ենք մենք և ինչպիսին ենք ցանկանում լինել», - շեշտել է Սնոուդենը:

Մեծ Բրիտանիայում «Channel 4» հեռուստաալիքով ցուցադրվող «սուրբծննդյան այլընտրանքային ուղերձների» ավանդույթը ձևավորվել է դեռևս 1993 թվականին: Այս ուղերձների ձևաչափը կրկնօրինակում է Եղիսաբեթ II թագուհու ամենամյա սուրբծննդյան ուղերձները:
XS
SM
MD
LG