Մատչելի հղումներ

Ծխելու պատճառով առաջանում է քաղցկեղի ավելի մահաբեր տեսակ


Ծխելու պատճառով առաջանում է քաղցկեղի ավելի մահաբեր տեսակ
Ծխելու պատճառով առաջանում է քաղցկեղի ավելի մահաբեր տեսակ

Ամեն տարի շագանակագեղձի քաղցկեղից գրեթե 250 հազար մարդ է մահանում: Քաղցկեղի այս տեսակից մահը երկար և ցավոտ տառապանք է: Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ծխող տղամարդիկ ենթարկվում են շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակով հիվանդանալու ավելի մեծ ռիսկի:

Չափահաս հինգ ամերիկացիներից մեկը ծխում է: Միացյալ Նահանգների կառավարությունը 2011 թվականի հունիսի վերջին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ում վաճառվող բոլոր ծխախոտերի տուփերի վրա շուտով պարտադիր կլինի փակցնել առողջապահական վտանգների գրաֆիկական պատկերները: Սակայն նույնիսկ նման զգուշացումների դեպքում, շատ մարդկանց համար ծխելը դադարեցնելու համար մեծ ջանքեր են պահանջվում:

Ծխողների համաձայն, ծխելը դադարեցնելն աշխարհում ամենադժվար բաներից է:

Միլ Արսեգան ծխում է 16 տարեկանից:

«Բազմիցս եմ փորձել թողնել ծխելը, բայց դա ինձ երբեք չի հաջողվել» - ասել է Արսեգան:

Արսեգան Ամերիկայի ձայնի աշխատակից է: Նրա փորձառությունը եզակի չէ։

«Ես երեք-չորս անգամ թողել եմ ծխելը, առաջին անգամ՝ մինչև երեսուն տարեկանս» -ասում է Էդվին Մոս-Սոտը:

Ծխելը կարող է առաջացնել առնվազն տասի տեսակի քաղցկեղ, այդ թվում՝ թոքի քաղցկեղ:

«Հայրս վերջերս մահացավ թոքի քաղցկեղից, և նա ծխել է սկսել դեռևս դեռահաս հասակից», - ասում է Մոս-Սոտը. – «Չեմ ցանկանում, որ դա կրկնվի: Մի քանի շաբաթ չեմ ծխել. այսօր առաջին անգամ եմ ծխում»:

Այժմ քաղցկեղի մեկ այլ տեսակ է ավելացել այդ երկար ցուցակին:

«Շագանակագեղձի քաղցկեղը ծխելու հետ կապված մեկ այլ հիվանդություն է», - ասում է Սթեսի Քենֆիլդը, ով առաջատար հեղինակն է այն ուսումնասիրության: Ուսումնասիրությունը տևել է 20 տարի, և դրա իրականացման մեջ ներառված է եղել շագանակագեղձի քաղցկեղ ունեցող 5 հազար մարդ:

Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է, որ ծխողների մոտ շագանակագեղձի քաղցկեղից մահանալու հավանականությունը 61 տոկոսով ավելի բարձր է, իսկ եթե նախկինում հաղթահարել են հիվանդությունը, կրկնվելու հավանականությունը ևս 61 տոկոսով բարձր է, քան ծխել երբևէ չսկսած մարդկանց մոտ:

Ծխելը կապված է նաև ախտորոշման պահին հիվանդության ավելի ագրեսիվ զարգացման հետ: Այն ծխողների մոտ, ում քաղցկեղն ախտորոշման պահին տարածված չի եղել, շագանակագեղձի քաղցկեղից մահանալու ռիսկը 80 տոկոսով մեծանում է՝ համեմատած չծխողների հետ:

Քենֆիլդի խոսքերով՝ շագանակագեղձի քաղցկեղ ունենալու դեպքում տղամարդիկ պետք է թողնեն ծխելը՝ կենդանի մնալու հավանականությունը մեծացնելու համար:

Ծխելը թողած անձանց համար ուսումնասիրության արդյունքները խոստումնալից են:

«Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումից տասը տարի առաջ ծխելը թողածների մոտ քաղցկեղի կրկնության վտանգն ու մահացությունը նույնն է, ինչ չծխողների մոտ», - ասում է Քենֆիլդը:

Բացահայտումները ոգևորիչ են, քանի որ շագանակագեղձի քաղցկեղից մահանալու ռիսկը կրճատելու հայտնի եղանակները սակավաթիվ են: Սակայն ուսումնասիրությունը մեծ ազդեցություն չի գործի թունդ ծխողների վրա:

«Կարծում եմ՝ արտաքնապես մենք միշտ ուշադրություն ենք դարձնում այն ուսումնասիրություններին, որոնք ասում են՝ ծխելը մահացու է: Բոլորս գիտենք դա: Մենք ուղիներ ենք փնտրում՝ համոզելու ինքներս մեզ, թե մենք չենք հիվանդանալու այս կոնկրետ հիվանդությամբ», - ասում է Միլ Արսեգան:

Ծխելու և շագանակագեղձի քաղցկեղից մահանալու միջև կապի շուրջ ուսումնասիրությունը տպագրվել է Բժիշկների ամերիկյան ասոցիացիայի ամսագրում:

XS
SM
MD
LG