Մատչելի հղումներ

Առնվազն 13 զոհ՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում իրականացված հարձակման հետևանքով


Վաշինգտոնի քաղաքագլուխ Վինսենթ Գրեյի համաձայն, հրաձգության դրդապատճառը դեռևս անհայտ է, սակայն «չկա ահաբեկչական հարձակում կասկածելու որևէ հիմք»

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարության շտաբում հրազենի կիրառմամբ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ:

Հարձակում իրականացրած զինյալներից մեկը, ըստ ոստիկանության տեղեկությունների, ոչնչացվել է, մյուսը դեռևս չի հայտնաբերվել:

Մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանապետ Քեթի Լանյերը չի հայտնել, թե ինչպես է ոչնչացվել հարձակվողներից մեկը: Նա նաև չի հաստատել վնասվածքներ ստացածների թիվը, սակայն նշել է, որ հարձակման հետևանքով վնասվածքներ ստացած բոլոր անձինք, ներառյալ ոստիկանության մեկ ծառայողին, կապաքինվեն:

Ոստիկանապետ Լանյերի համաձայն, հարձակման փաստով իրականացվող քննչական գործողությունները գլխավորել է Հետաքննությունների դաշնային բյուրոն: Անվտանգության մարմինների ծառայողները շարունակում են որոնողական աշխատանքները ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարության շտաբում:

Վաշինգտոնի քաղաքագլուխ Վինսենթ Գրեյի համաձայն, հրաձգության դրդապատճառը դեռևս անհայտ է, սակայն «չկա ահաբեկչական հարձակում կասկածելու որևէ հիմք»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, արձագանքելով ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարության շտաբում տեղի ունեցած իրադարձություններին, խորը վիշտ է արտահայտել ևս մեկ անմիտ զանգվածային սպանության կապակցությամբ՝ «փոքրոգի արարք» անվանելով այն: Նախագահ Օբաման ասել է նաև, որ տուժածներն ու իրենց ընտանիքները ունեն Ամերիկայի սիրո և աջակցության կարիքը:
XS
SM
MD
LG