Աշխատանքային այցով սեպտեմբերի 22-ին Միացյալ Նահանգներ ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մեկնել է Էլլիս կղզի, որտեղ այցելել է Ներգաղթի թանգարան, դիտել 1915 թվականին Հայոց ցեղասպանությանը և Էլլիս կղզով Միացյալ Նահանգներ ներգաղթած ցեղասպանությունից փրկված հայերի հիշատակին նվիրված ցուցադրությունը:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Սարգսյանին կղզում հյուրընկալել և ուղեկցել են Միացյալ Նահանգների «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինին, ԿԱԷԿ-ի խորհրդի անդամներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:
ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին Հայաստանի նախագահին շնորհել է «Էլլիս կղզի» պատվո մեդալը` ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանի ունեցած ներդրման, Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը նրա նվիրումի, ինչպես նաև Հայաստանում ներգաղթյալների արդյունավետ ինտեգրման ուղղությամբ գործունեության համար:
Ընդգծվել է, որ պատվո մեդալի շնորհման 25-ամյա պատմության ընթացքում Սերժ Սարգսյանն առաջին օտարերկրյա ղեկավարն է, ով արժանացել է այդ պատվին: Մինչ այժմ ԿԱԷԿ-ի «Էլլիս կղզի» պատվո մեդալով պարգևատրված հազարից ավելի անձանց թվում եղել են ԱՄՆ 6 նախագահներ, տասնյակ արտգործնախարարներ, սենատորներ, կոնգրեսականներ, Նոբելյան մրցանակակիրներ, արվեստագետներ ու ձեռնարկատերեր:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար: Հայաստանի նախագահը մասնավորապես ասել է. «Էլլիս կղզով են անցել նաև 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայեր: Ժամանել են, հաստատվել, նոր կյանքի հիմք դրել և շատ արագ դարձել Միացյալ Նահանգների լավ քաղաքացիներ, ձևավորելով ամուր ազգային համայնքներից մեկը, համայնք, որ զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ-ի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կյանքում»:
«Այսօր ես հուզմունքով և հպարտությամբ ընդունեցի այս պատվո նշանը, այդ թվում նաև Էլլիս կղզով անցած հայորդիների և նրանց սերունդների անունից, ընդունում եմ որպես մեր ժողովրդի՝ այս հեռավոր ափերում ձեռք բերած հաջողությունների գնահատական, որպես հայ-ամերիկյան բարեկամության և գործընկերության հետագա զարգացման ու խորացման խորհրդանիշ», - իր շնորհակալական խոսքում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: