Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչն ասել է, որ ՄԱԿ-ի դատարանի` Կոսովոյի անկախության հռչակագրին սատարող որոշումը, իր խոսքերով, «վտանգավոր մեկնաբանումների» տեղիք է տալիս:
Երեմիչը ելույթ է ունեցել երեքշաբթի օրը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` 2008 թվականին Սերբիայից Կոսովոյի հռչակած անկախությունը միջազգային իրավունքի խախտում չհամարելու մասին ՄԱԿ-ի գերագույն դատարանի կողմից ընդունված որոշումից երկու շաբաթ անց:
Սերբիայի արտգործնախարարը նախազգուշացրել է, որ ազգային փոքրամասնությունները կարող են օգտագործել դատարանի որոշումը որպես անկախության իրենց սեփական հռչակագրեր կազմելու պատրվակ: Իր խոսքերով, դա կարող է վտանգ ներկայացնել բազմազգ բոլոր պետություններին` դառնալով անջատողականության և երկարատև անկայության պատճառ:
Նա մտափոխ չլինելու կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ այն պետություններին, որոնք դեռ չեն ընդունել Կոսովոյի անկախությունը:
Սակայն ՄԱԿ-ում ԱՄՆ-ի փոխդեսպան Ռոզմերի ԴիՔարլոն նշել է, որ Կոսովոն հատուկ դեպք է, այլ ոչ թե այլ հակամարտությունների առաջացման նախաբան:
Նա ավելացրել է, որ ՄԱԿ-ի դատարանի կարծիքը խրախուսելու է, որ առավել մեծ թվով պետություններ ընդունեն Կոսովոյի անկախությունը: