Մատչելի հղումներ

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդներին առևանգել են ռուսաստանամետ անջատողականները


Սլավյանսկ քաղաքի ինքնահռչակ «ժողովրդական քաղաքագլուխ» Վյաչեսլավ Պոնոմարյով (արխիվային լուսանկար)

Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ անջատողականները տեղեկացրել են, որ երկուշաբթի օրվանից անհայտ կորած համարվող ԵԱՀԿ-ի մի խումբ դիտորդներ գտնվում են իրենց մոտ

Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ անջատողականները տեղեկացրել են, որ երկուշաբթի օրվանից անհայտ կորած համարվող ԵԱՀԿ-ի մի խումբ դիտորդներ գտնվում են իրենց մոտ:

Սլավյանսկ քաղաքի ինքնահռչակ «ժողովրդական քաղաքագլուխ» Վյաչեսլավ Պոնոմարյովը հինգշաբթի օրն ասել է, որ դիտորդներն իրենց լավ են զգում և կարող են շուտով ազատ արձակվել:

Պոնոմարյովի խոսքով՝ ինքը զգուշացրել էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, որ դիտորդները չպետք է այցելեն Սլավյանսկ, սակայն նրանք, այնուամենայնիվ, այցելել են քաղաքը:

ԵԱՀԿ-ը նախօրեին տեղեկացրել էր, որ Սլավյանսկում ձերբակալվել էր կազմակերպության ևս 11 դիտորդ, որոնք սակայն ավելի ուշ ազատ են արձակվել:

Դիտորդները գտնվում են Ուկրաինայում՝ երկրում լարվածության նվազեցման, ինչպես նաև խաղաղության և անվտանգության հաստատման նպաստելուն միտված առաքելության շրջանակներում:

Շվեյցարիայի արտգործնախարար և ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հայտարարության մեջ ասված է, որ դիտորդների առևանգումները «սադրանք» են, որը խաթարում է Ուկրաինայում արդեն մի քանի ամիս շարունակվող ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կազմակերպության աշխատանքը:
XS
SM
MD
LG