Մատչելի հղումներ

Բրեդլի Մենինգն իրեն կին է համարում


Մենինգ. «Ուզում եմ, որ բոլորը ճանաչեն իմ իրական ինքնությունը: Ես Չելսի Մենինգն եմ, ես կին եմ»

Պատմության մեջ ԱՄՆ-ի գաղտնի նյութերի ամենամեծ արտահոսքն իրականացնելու համար 35 տարվա ազատազրկման դատապարտված զինծառայող Բրեդլի Մենինգն ասել է, թե ինքը տղամարդ չէ և ցանկանում է իր կյանքը շարունակել որպես Չելսի անունը կրող կին:

Հանդես գալով հինգշաբթի օրը ԱՄՆ-ի «Էն-Բի-Սի» հեռուստատեսությամբ՝ Մենինգն ասել է. «Ուզում եմ, որ բոլորը ճանաչեն իմ իրական ինքնությունը: Ես Չելսի Մենինգն եմ, ես կին եմ»:

25-ամյա Մենինգն ասել է, թե ինքն իրեն մանկուց էր այդ կերպ զգում, և որ ցանկանում է անմիջապես սկսել հորմոնների կիրառմամբ բուժումը՝ սեռի փոփոխությունը հնարավորինս արագ իրականացնելու համար:

Բրեդլի Մենինգը, բացի այդ, խնդրել է, որ իրեն դիմեն իր նոր անվամբ:

ԱՄՆ-ի ռազմական դատարանի դատավորը նախօրեին հետախուզական տվյալների ցածր մակարդակի վերլուծաբանին ներկայացրել էր երկարաժամկետ ազատազրկման մասին դատավճիռ՝ «Վիքիլիքս» կայքին 700 հազար գաղտնի փաստաթուղթ տրամադրելու համար, որոնց թվում էր նաև Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 2007 թվականին խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ զոհերի պատճառը դարձած ուղղաթիռային հարձակման մասին տեսանյութը: Փաստաթղթերի թվում կային ԱՄՆ-ի արտգործնախարարության դիվանագիտական հեռագրեր, ինչպես նաև Իրաքի և Աֆղանստանի պատերազմների դաշտից ստացված զեկույցներ:

Բրեդլի Մենինգի դատապաշտպանը 12 շաբաթ տևած դատավարության ընթացքում պնդում էր, որ զինծառայողի կողմից փաստաթղթերի «արտահոսք» իրականացնելու մասին որոշման դրդապատճառը մասամբ եղել է պայմանավորված իր պաշտպանյալի կողմից ապրած գենդերային ճգնաժամով: Դատապաշտպանի համաձայն, նման իրավիճակում իր պաշտպանյալը հայտնվել էր այն ընթացքում, երբ Միացյալ Նահանգների զինված ուժերից հեռացվում էին բացահայտ համասեռական զինծառայողները: ԱՄՆ-ի զինված ուժերը սակայն այդ ժամանակից ի վեր փոխել են այս քաղաքականությունը:
XS
SM
MD
LG