Մատչելի հղումներ

ԱՄՆ. «Անվտանգության խորհուրդը պետք է միջամտի Սիրիայում ստեղծված իրավիճակին»


«Սիրիայի ազատ բանակի» մարտիկները, հունվարի 29, 2012թ.
«Սիրիայի ազատ բանակի» մարտիկները, հունվարի 29, 2012թ.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պնդում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է միջամտի Սիրիայում հետզհետե թափ առնող բռնություններին՝ այս երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադին հղելով ուղերձ և նշելով, որ իր կողմից ընդդիմության նկատմամբ արդեն տասը ամիս իրականացվող բռնությունները վտանգ են ներկայացնում միջազգային խաղաղության ու անվտանգության համար:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը երկուշաբթի օրն արված հայտարարությունում նշել է, որ Վաշինգտոնը դատապարտում է Սիրիայի կառավարության կողմից վերջին մի քանի օրվա ընթացքում քաղաքացիական անձանց դեմ իրականացված հարձակումները, որոնք հարյուրավոր զոհերի պատճառ են դարձել:

Քլինթընն ասել է, թե այցելելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեքշաբթի օրը կայանալիք հանդիպումը, որի ընթացքում կոչ է անելու միջազգային այս մարմնին օժանդակություն ցուցաբերել Արաբական պետությունների լիգայի կողմից Ասսադի հրաժարականի վերաբերյալ ներկայացված ծրագրին՝ որպես երկրում բռնությունների իրականացումը դադարեցնելու միջոց:

Այս ընթացքում Սիրիայի ընդդիմության ակտիվիստները հայտնել են, որ կառավարական ստորաբաժանումները ծանր մարտերի արդյունքում երկուշաբթի օրը վերականգնել են հսկողությունը Դամասկոսի մի քանի արվարձանի նկատմամբ:

Ակտիվիստների համաձայն, Սիրիայի կառավարական ուժերը նախ դուրս են մղել «Սիրիայի ազատ բանակի» ուժերը երկրի մայրաքաղաքի կենտրոնին հարող թաղամասերից, ապա մուտք են գործել արվարձաններ, որտեղ սկսվել են փողոցային մարտեր:

Սիրիայում բախումներ տեղի են ունեցել նաև երկրի կենտրոնական Հոմս նահանգում:

Ընդհանուր առմամբ Սիրիայում, ըստ ակտիվիստների, երկուշաբթի օրն իրականացված բռնությունների զոհ է գնացել առնվազն 28 մարդ, որոնց հիմնական մասը կազմել են քաղաքացիական անձինք:

XS
SM
MD
LG