Մատչելի հղումներ

Քերրին հեռախոսազրույցներ է ունեցել նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ


ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը

ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին, ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխանցմամբ, արտգործնախարար Քերրին տեղեկացրել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ անցկացված մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ:

«Վերջին 48 ժամվա ընթացքում զրուցել եմ ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ նախագահ Սարգսյանի հետ, որոնց միջև շուտով հանդիպում կկայանա: Մենք հորդորում ենք առաջ մղել այս գործընթացը, և շարունակելու ենք դրանում մեր ներգրավվածությունը», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրին՝ հավելելով, որ արդեն մի քանի ամիս Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ բանակցում է Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի խնդիրների շուրջ, և երկու կողմերն աշխատում են իրենց դեսպանների միջոցով՝ այս գործընթացներն առաջ մղելու ուղղությամբ:

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն, իր հերթին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, նշել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ քննարկումներ են անցկացնում մի քանի մեխանիզմների՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և երկկողմանի այլ քննարկումների միջոցով:

«Հուսով ենք, որ սառեցված այս հակամարտությունը շուտով կավարտվի, և Կովկասում խաղաղություն կհաստատվի, և որ դա խաղաղություն կհաստատի նաև Կովկասից դուրս գտնվող տարածաշրջանում: Այսպիսով, այսօր ես ուրախ եմ տեսնելու, որ Ջոնն ու ես, Թուրքիան և Միացյալ Նահանգներն այս խնդիրը դիտարկում են նույն անկյան տակ, և հուսով ենք, որ նախագահ Սարգսյանի և նախագահ Ալիևի միջև հանդիպումը հաջողությամբ կպսակվի», - ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր:

«Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ-ի արտգործնախարարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ», - ասված է Հայաստանի նախագահի և ԱՄՆ-ի արտգործնախարարի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG