Մատչելի հղումներ

Պետքարտուղար Քլինթընը ներկա գտնվեց Հայաստանում իրավունքների պաշտպանների մեծարմանը նվիրված միջոցառմանը


«ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը ներկա գտնվեց ԱՄՆ-ի դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից»:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը՝ նշելով նաև, որ արտգործնախարար Քլինթընը իր խոսքը հղեց միջոցառման մասնակիցներին և առանձին հանդիպում ունեցավ մրցանակներ ստացած անձանց հետ:

Հաղորդագրությունում նշվում է, որ համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման այս միջոցառումը միջազգային կառույցների առաջին համատեղ նախաձեռնությունն էր` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու ԶԼՄ ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ըստ հաղորդագրության, միջոցառումը բացեց ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման` Արթուր Սաքունցին հանձնելով «Ազատության պաշտպանի» մրցանակը: «Արթուր պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին, հատկապես նրանց, ովքեր անհանդուրժողականության թիրախ են դառնում, ինչպիսիք են` էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունները: Նա չի վախենում արտահայտել այնպիսի դիրքորոշումներ, որոնք համընդհանուր հավանության չեն արժանանա. Նա մշտապես աշխատում է Հայաստանում հանդուրժողականությունն առավել մեծացնելու ուղղությամբ»:

«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար Ծովինար Նազարյանին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը: «Ծովինարը կարող է հպարտանալ, որ դերակատարում է ունեցել զինված ուժերի բարեփոխումները խրախուսելու հարցում, ինչն էլ կհանգեցնի Հայաստանում առավել ժամանակակից, արդյունավետ ու մարդասիրական ուժեր ունենալուն», - ասաց Ալեքս Սարդարը:

Միջոցառմանը մասնակցած Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը ոստիկանության բարեփոխումներում, հատկապես` ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակ հանձնեց Հայաստանի փոխոստիկանապետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին՝ նշելով, որ «թափանցիկ, հաշվետու ոստիկանություն, որը ծառայում է Հայաստանի քաղաքացուն, նման ոստիկանության հիմք է օգնում դնել Արթուր Օսիկյանը»:

ԶԼՄ-ների գերազանցության մրցանակը Epress.am-ի խմբագիրներ Սոնյա Ապրեսովային, Յուրի Մանվելյանին և Արմեն Մելիքբեկյանին հանձնելով` ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը գովեստի խոսքեր ասաց նրանց` արդարացի ու հավասարակշռված լուսաբանումների ու մարդու իրավունքներին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար: Դեսպան Սորոկինը նշեց,որ մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լուսաբանումը Epress-ի կողմից կարևոր նշանակություն ունի հասարակության իրազեկման ու հանրային բանավեճի ձևավորման համար: Այս կարգի լրատվության ապահովումը կարևոր բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներում:

Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեան Հայաստանում բնության պահպանությանն ուղղված քարոզչության համար մրցանակ հանձնեց բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանին, Եղիա Ներսիսյանին, Գոռ Հակոբյանին, Մարի Խաչատրյանին և Ռուզաննա Գրիգորյանին:

«Քաղաքացիական ակտիվիստների նվիրումի և վճռականության շնորհիվ է, որ տարվա ընթացքում եղան կարևոր բնապահպանական հաղթանակներ: Այս մրցանակը ոչ միայն կատարված աշխատանքի համար է, այլ նաև Հայաստանում նրանց հետագա աշխատանքների խրախուսման համար», - ասաց դեսպան Հրիստեան:

XS
SM
MD
LG