Մատչելի հղումներ

Սաուդյան Արաբիան Սիրիայի շուրջ գործարք է առաջարկել Ռուսաստանին


Ռուսաստանի այնժամյա վարչապետ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի անվտանգության ազգային խորհրդի նախագահ արքայազն Բանդարի միջև հանդիպում Մոսկվայում 2008 թվականին (արխիվային լուսանկար)
Ռուսաստանի այնժամյա վարչապետ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի անվտանգության ազգային խորհրդի նախագահ արքայազն Բանդարի միջև հանդիպում Մոսկվայում 2008 թվականին (արխիվային լուսանկար)

Սաուդյան Արաբիան, ըստ որոշ աղբյուրների, Ռուսաստանին առաջարկել է տնտեսական խթաններ, այդ թվում՝ սպառազինություն գնելու մեծածավալ համաձայնագրի կնքում

Սաուդյան Արաբիան Ռուսաստանին առաջարկել է տնտեսական խթաններ, այդ թվում՝ սպառազինություն գնելու մեծածավալ համաձայնագրի կնքում և Ռուսաստանի կողմից գազի վաճառքի հարցում խոչընդոտների վերացում՝ փոխարենը պահանջելով Մոսկվային նվազեցնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ցուցաբերվող օժանդակությունը:

Սիրիայում չդադարող քաղաքացիական պատերազմի կարգավորման հարցում մեծ կշիռ ունեցող այս երկու տերությունների միջև նման գործարք քննարկելու մասին հայտնել են մերձավորարևելյան և Արևմուտքի պետությունների դիվանագիտական աղբյուրները: Վերջիններիս համաձայն, այս առաջարկությունն արվել էր Սաուդյան Արաբիայի հետախուզական կազմակերպության ղեկավար, արքայազն Բանդար բին Սուլթանի կողմից Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ընթացքում:

Սիրիայում Սաուդյան Արաբիայի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն արքայազն Բանդարն առաջարկել էր կնքել Ռուսաստանում արտադրված զենքի գնման մասին համաձայնագիր, որը ծավալը կկազմի 15 միլիարդ դոլար, ինչպես նաև երաշխավորել, որ Պարսից ծոցում արդյունահանվող բնական գազը չի վտանգի Ռուսաստանի դիրքը որպես Եվրոպա բնական գազ մատակարարող հիմնական կողմ:

Այս աղբյուրների համաձայն, փոխարենը Սաուդյան Արաբիան ցանկանում է, որ Մոսկվան նվազեցնի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին տրամադրվող օժանդակությունը և համաձայնություն տա չարգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի հարցով ապագայում ընդունվելիք որևէ բանաձև:

Ըստ դիվանագիտական աղբյուրների, արքայազն Բանդարի առաջարկությանը Պուտինը որևէ հստակ արձագանք չի ներկայացրել: Մերձավոր Արևելքում գտնվող Արևմուտքի դիվանագետներից մեկը նշել է, թե քիչ է հավանական, որ Ռուսաստանի ղեկավարը փոխարինի տարածաշրջանում Մոսկվայի զբաղեցրած դիրքը սպառազինության գնման որևէ գործարքով: Դիվանագետը, բացի այդ, նշել է, որ Ռուսաստանի նախագահը կասկած է հայտնել այն հարցի շուրջ, որ Սաուդյան Արաբիան ունի Ասադին տապալելուց հետո սիրիայում կայունության հաստատման հստակ որևէ ծրագիր:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չեն ներկայացրել արքայազն Բանդարի և նախագահ Պուտինի միջև հանդիպման վերաբերյալ տարածված լուրերի վերաբերյալ:
XS
SM
MD
LG