Իսրայելի և Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցները երեքշաբթի օրը տարածել են հաղորդագրություն, որի համաձայն թռչնի մարմնի վրա կար մի փոխանցիչ, իսկ ոտքի վրա` «Թել Ավիվի համալսարան» բառերով մի շղթա:
Գիշատիչ այս թռչնի մարմնի վրա տեղադրված` թռչնի տեղաշարժմանը հետևելու համար նախատեսված այս սարքը թռչունների տեղափոխությունը հետազոտող երկարաժամկետ նախագծի ընթացքում օգտագործվող սարքերից մեկն է: Սաուդյան Արաբիայի իշխանությունները սակայն հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի թռչունը, որը բռնել են շեյխերից մեկի տան մոտակայքում, «Սիոնիստական դավադրության» մասնակից է:
Իսրայելի զբոսայգիների կառավարման մարմնի պաշտոնատար անձինք երկրի լրատվամիջոցներին հայտնել են, թե արաբական կայքերում գիշատիչ թռչնի պատմությունը մեծ ժողովրդականություն վայելող թեմաներից է, սակայն թռչունը լրտեսական նպատակներով չի օգտագործվել:
Վերջին տարիներին Սաուդյան տարածքում գտել են մի քանի թռչուն, որոնք պիտակավորված են եղել հետազոտական նպատակներով և երկրի տարածքում են հայտնվել տեղափոխման բնական ուղիներին հետևելու արդյունքում: