Մատչելի հղումներ

Սաուդյան Արաբիան հրաժարվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամի տեղից


Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը պատճառաբանել է այս որոշումը Անվտանգության խորհրդի գործունեության արդյունավետությունը խոչընդոտող «երկակի ստանդարտների» առկայությամբ

Սաուդյան Արաբիան հրաժարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղից՝ պատճառաբանելով այս որոշումը Անվտանգության խորհրդի գործունեության արդյունավետությունը խոչընդոտող «երկակի ստանդարտների» առկայությամբ:

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ չի զբաղեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղը՝ մինչև չիրականացվեն «աշխարհում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու հնարավորություն ընձեռող բարեփոխումներ»:

Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքի անարդյունավետության օրինակ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը նշել է Սիրիայում արդեն ավելի քան երկու տարի տևող քաղաքացիական պատերազմը դադարեցնելու և այս երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու անկարողությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ռուսաստանն ու Չինաստանը նախկինում վետոյի իրավունք են կիրառել Սիրիայի կառավարության դեմ ուղղված պատժամիջոցներ նախատեսող բանաձևերի նկատմամբ: Սաուդյան Արաբիան իր հերթին սատարում է Սիրիայի նախագահի դեմ պայքարող ապստամբներին:

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն, Անվտանգության խորհրդի կողմից գործողությունների դիմելու անկարողությունը թույլ է տվել Սիրիայի նախագահին իրականացնել իր ժողովրդի սպանդը: Հայտարարության մեջ հիշատակվել է նաև ՄԱԿ-ի այս մարմնի կողմից պաղեստինյան խնդրի լուծման անկարողությունը:
XS
SM
MD
LG