Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերությունների զարգացման ընթացքը և հեռանկարները:
Ողջունելով Հայաստանի նախագահին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նշել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստան կատարելիք իր պետական այցին, և այցի ձևաչափն ինքնին միտված է ցուցադրելու երկու երկրների հարաբերությունների բացառիկ ջերմությունը:
Նիկոլա Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է և միշտ լինելու է նրա կողքին: Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հանրապետության ղեկավարի գլխավորությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները:
Նախագահ Սարկոզին գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիան Հայաստանում ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, սակայն դրանով չի սահմանափակվելու և շարունակելու է նոր ծրագրերով հանդես գալ:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, թե ուրախ է, որ իր այցը Ֆրանսիա կայանում է հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանը նշում է անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: «Հպարտ ենք Ֆրանսիայի հետ բարեկամությամբ և անչափ կարևորում ենք մեր երկու երկրների միջև ձևավորված սերտ կապերը», - ասել է Սերժ Սարգսյանը:
Աշխատանքային ճաշի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են նաև երկու երկրների համագործակցությանը էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, կրթության և մշակութային ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին:
Մինչ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումը, Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ: