Մատչելի հղումներ

Սարկոզին հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Սարկոզին հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, Անդրկովկաս իրականացվող իր երկօրյա այցի շրջանակում, հինգշաբթի օրն այցելել է Հայաստան:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մեկնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ և այցելել Մայր Տաճար:

Նիկոլա Սարկոզին և Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեկնել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նախագահները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ շրջայցի ավարտին Ֆրանսիայի նախագահը պատվավոր հյուրերի գրքում գրառում է կատարել: «Ֆրանսիան չի մոռանում», - գրել է Նիկոլա Սարկոզին:

Ծիծեռնակաբերդն այցելելուց հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հորդորել է Թուրքիային վերանայել պատմությունը և որպես ցեղասպանություն ճանաչել գրեթե 100 տարի առաջ տեղի ունեցած ջարդերը:

Սարկոզին ասել է, որ Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի կողմից ճանաչված պատմական իրականություն է՝ անվանելով միասնական հերքումն անհատների կողմից կատարվող հերքումից ավելի վատ երևույթ:

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ բոլոր մեծ երկրները, ներառյալ Թուրքիան, վերանայելով իրենց պատմությունը, կատարում են իրենց պատիվը բարձրացնող քայլ:

Հայաստան այցելելուց հետո Նիկոլա Սարկոզին ուրբաթ օրը կայցելի Վրաստան ու Ադրբեջան:

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, տարածաշրջան կատարվող իր այցի ընթացքում ինքը փորձելու է քաջալերել Հայաստանի նախագահ Սարգսյանին և Ադրբեջանի նախագահ Ալիևին հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման:

Վրաստան երեք ժամով կայանալիք այցի ընթացքում նախագահ Սարկոզին հորդորելու է Վրաստանին բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Թբիլիսի կայանալիք իր այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և ելույթ է ունենալու Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում:

XS
SM
MD
LG