Մատչելի հղումներ

 
Սարգսյանն ու Պուտինը անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին

Սարգսյանն ու Պուտինը անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին


Հայաստանի նախագահ Սարգսյանն ու Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ 2013 թ. սեպտեմբերի 3-ին կայացած հանդիպման ժամանակ (արխիվային լուսանկար)
Հայաստանի նախագահ Սարգսյանն ու Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ 2013 թ. սեպտեմբերի 3-ին կայացած հանդիպման ժամանակ (արխիվային լուսանկար)

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին: Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո Մաքսային միությանը միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին:

«Նախագահները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները, ըստ մամուլի հաղորդագրության, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Հաղորդագրության մեջ ասված է, որ Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր, և ընդգծել համանախագահների համատեղ ջանքերի կարևորությունը՝ միտված հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքը», - եզրափակում է հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG