Հայաստանում այսօր նշում են Հանրապետության տոնը։
Տոնի առթիվ իր ուղերձում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ 1918 թվականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր հայ ժողովրդի դարավոր պայքարի՝ ամենամեծ հեղափոխությունն էր, որ նոր ժամանակներում կատարվեց հայ ժողովրդի սրտում և գիտակցության մեջ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ մայիսի 28-ով հայ ժողովուրդը որդեգրել է արժեքային նոր համակարգ` անկախություն և ժողովրդավարություն, և ներկայիս Հայաստանը ժառանգորդն է այդ արժեքային համակարգի:
«Մինչև 1918 թվականի մայիսի 28-ը մենք հպատակ էինք. այդ օրը հայը հռչակվեց քաղաքացի: Ազատ երկրի ազատ քաղաքացի դառնալու ճանապարհը երկար է և բարդ: Ճանապարհի դժվարությունները մենք հաղթահարում ենք մինչև այսօր, բայց սա նոր սկիզբ էր և քաղաքական ճիշտ ուղեգիծ: Հայության բոլոր հատվածներն ու ժողովրդի բոլոր խավերը պատվով բռնեցին ճակատագրական քննությունը: Դա կատարվեց մի այնպիսի պատմական պահի, երբ շատերն աշխարհում բարձրաձայն կամ իրենց մտքի մեջ արդեն խաչ էին քաշել Հայաստան երկրի և հայության վրա», - նշել է Սարգսյանը։ - «Բայց ազգային միասնությունը փայլուն դրսևորումներ ունեցավ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում: Հայության հավաքական կամքն իսկապես հրաշքներ գործեց այդ օրերին, և մենք հիմնավոր հպարտությամբ ու երախտագիտությամբ ենք դա ասում, քանի որ մայիսյան ճակատամարտերի հերոսների կյանքով ու արյունով Հայաստանը փրկագնվեց մահվան ճիրաններից»։
«Այսօր մենք` որպես ազգ և պետություն, բավականաչափ ամուր ենք` իրականացնելու համար մի նոր հոգեբանական վերափոխում, կյանքի կոչելու նոր բանաձև` անհատի շահերն ու իրավունքները սրբազան են այնքան, որքան հավաքական-ազգային շահը» - շեշտել է Սարգսյանը՝ հավելելով, որ այն, ինչ պատմական հանգամանքների բերումով չհասցրեց ու չկարողացավ անել մայիսի 28-ին վերածնված Հայաստանը, պետք է կարողանա անել սեպտեմբերի 21-ին վերածնված Հայաստանը:
«Ուժեղ բանակը լավ է, իսկ ուժեղ, ազատ և պաշտպանված քաղաքացիների բանակը` շատ ավելի լավ: Ազատ քաղաքացին ամենահուսալի պատվարն է թե՛ արտաքին թշնամու, թե՛ ներքին ապօրինությունների դեմ» - ընդգծել է Սարգսյանը: - «Ազգի շահերն ու ազատությունը կարելի է ու պետք է համադրել անհատների շահերին և ազատություններին: Ամենևին էլ պարտադիր չէ, որ մեկը զոհաբերվի մյուսին: Ճիշտ հակառակը` սրանք մեկ համալիր են»:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ մայիսի 28-ն այնպիսի իրադարձություն է, որ առիթ է տալիս վերաիմաստավորելու ո՛չ միայն այն, ինչ կատարվել է 93 տարի առաջ, այլև հատկապես այն, ինչ կատարվում է այսօր, և որ անցյալի նշանակալի իրադարձությունների թե՛ դրական, թե՛ բացասական փորձը ուսանելի է:
«Եթե մինչև 1918 թվականի մայիսի 28-ը մենք և աշխարհը լսում էինք ցեղասպանություն ապրած ազգի հառաչանքները, ապա այդ օրը հնչեց մի ուրիշ ձայն: Դա վերապրելու, լինելու, հավերժանալու կանչն էր, և դրա արձագանքները սերունդների հոգիներում են» - եզրափակելով իր ուղերձը նշե; է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: