Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է ԵԽ-ի գլխավոր քարտուղարին


ԵԽ-ի գլխավոր քարտուղարը հանդիպման ընթացքում իր հերթին նշել է, որ երևանյան խորհրդաժողովի թեման իր համար չափազանց կարևոր և առաջնային նշանակություն ունի և հույս է հայտնել, որ այն արդյունավետ կլինի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստան է ժամանել ԵԽ-ի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում հոկտեմբերի 21-22-ը Երևանում անցկացվող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

«Ընդգծելով ԵԽ-ի դերակատարությունը համամարդկային արժեքների տարածման գործում՝ Սերժ Սարգսյանն այդ առումով կարևորել է խորհրդաժողովի անցկացումը Երևանում և պարոն Յագլանդի մասնակցությունը հիշյալ միջոցառմանը: Նախագահը երևանյան խորհրդաժողովը համարել է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առանցքային միջոցառումներից մեկը: Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ ԵԽ-ի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը նպաստել է ԵԽ-ի գործունեությանը և շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի գլխավոր քարտուղարին՝ ինչպես երևանյան խորհրդաժողովին, այնպես էլ նախարարների խորհրդում Հայաստանի նախագահությանը մշտապես աջակցելու համար», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԵԽ-ի գլխավոր քարտուղարը հանդիպման ընթացքում իր հերթին նշել է, որ երևանյան խորհրդաժողովի թեման իր համար չափազանց կարևոր և առաջնային նշանակություն ունի և հույս է հայտնել, որ այն արդյունավետ կլինի: Նա շնորհավորել է Հայաստանի նախագահին՝ ԵԽ-ի նախարարների կոմիտեում Հայաստանի հաջող նախագահության կապակցությամբ: Թորբյորն Յագլանդը կարևորել է նաև ԵԽ-ի երևանյան գրասենյակի աշխատանքը:

Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, նախագահ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու և է՛լ ավելի խորացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության և հասարակության արդիականացմանն ուղղված բարեփոխումների գործընթացը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը կբերի Հայաստանի սահմանադրության բարեփոխումների գործընթացին:

«Հայաստանի նախագահը և ԵԽ-ի գլխավոր քարտուղարը զրուցել են ԵԽ-ի օրակարգի, Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման, տարածաշրջանային խնդիրների, Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ», - եզրափակում է հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG