Մատչելի հղումներ

«Կիևում որոշվում է Ուկրաինայի ապագան». Սահակաշվիլի


Միխեիլ Սահակաշվիլիի համաձայն, Ուկրաինայում տեղի է ունենում «21-րդ դարի աշխարհաքաղաքական առաջին հեղափոխությունը»

Վրաստանի նախկին նախագահի Միխեիլ Սահակաշվիլին հորդորել է Արևմուտքի պետություններին սատարել Ուկրաինայի ընդդիմությանը՝ պնդելով, որ Կիևում տեղի ունեցող իրադարձություններն ավելին են, քան կոռումպացված կառավարությամբ մարդկանց դժգոհության արտահայտությունը:

Միխեիլ Սահակաշվիլիի համաձայն, Ուկրաինայում տեղի է ունենում «21-րդ դարի աշխարհաքաղաքական առաջին հեղափոխությունը», երկու գաղափարախոսությունների՝ ժողովրդավարության վրա հիմնված արևմտյան, և այլախոհության և բռնատիրության միջոցով նախկին Խորհրդային Միության վերականգնմանն ուղղված «պուտինյան» գաղափարախոսությունների բախումը:

«Կիևում որոշվում է ապագան: Ցուցարարների հաղթանակը կնշանակի Ռուսական կայսրությունը վերականգնելու Պուտինի երազանքի տապալումը: Նրանց պարտությունը, համապատասխանաբար, կնշանակի եվրոպական ազդեցության և արժեքների կտրուկ նվազում: Տարածաշրջանում Միացյալ Նահանգների նկատմամբ արդեն իսկ թուլացող վստահությունը կանհայտանա: Այս մասին տեղյակ է պարոն Պուտինը: Դա գիտեն և խիզախ ուկրաինացիները», - գրել է Սահակաշվիլին «Ուոլ Սթրիտ Ջորնըլ» պարբերականում հրապարակված իր հոդվածում:

Վրաստանի նախկին նախագահի համաձայն, պատկերացումն այն մասին, որ վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ը և Եվրամիությունը զբաղված են այլ խնդիրներով, «քաջալերել էր» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ դրդելով վերջինիս սկսել հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության համար վարվող պայքարը:

Սահակաշվիլիի համաձայն, Հայաստանում և Վրաստանում, ինչպես նաև Ուկրաինայում 2010 թվականին, երբ այնտեղ փոխվել է «Նարնջագույն հեղափոխության» արդյունքում ձևավորված իշխանությունը, Մոսկվայի ունեցած հաջողությունները Պուտինին վստահություն են հաղորդել Արևմուտքին հետխորհրդային երկրներից «դուրս մղելու» մեջ՝ այն տարածքից, որը, նախագահ Պուտինի պատկերացմամբ, Ռուսաստանի ազդեցության «բնական» գոտին է:

Այս դեպքում Սահակաշվիլին, ըստ էության, նկատի ունի այն հանգամանքը, որ Երևանն անցյալ տարվա սեպտեմբերին հրաժարվել էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկելուց, ինչպես նաև Հայաստանի նախագահի կողմից Մաքսային միությանը միանալու մասին արված հայտարարությունը, ինչը, մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ «Freedom House»-ի համոզմամբ, տեղի էր ունեցել Մոսկվայի կողմից գործադրված ճնշման արդյունքում:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա իր այս հայտարարությամբ Սահակաշվիլին վերահաստատել է իր կողմից բազմաթիվ հնչեցված մեղադրանքներն այն մասին, որ Վրաստանում 2012 թվականին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության գլուխ անցած «Վրացական երազանք» դաշինքը «ռուսամետ ուժ է»:

Սահակաշվիլին իր հոդվածում միաժամանակ նշել է, որ չնայած Պուտինին սկզբում հաջողվել էր ստիպել Կիևին հրաժարվել Եվրամիության հետ հարաբերությունների մերձեցումից, սակայն ավելի ուշ Պուտինի այս ձեռքբերումը մթագնել էր «անակնկալ մի գործոն», այն է՝ «ժողովրդավարական, ազատ, եվրոպական, ոչ կոռումպացված կառավարության կառավարման ներքո գործող հասարակության մեջ ապրելու Ուկրաինայի ժողովրդի ցանկությունը»:

«Արևմուտքի կառավարությունները բավարար անհանգստություն չեն արտահայտում: Ժամանակն է հայտարարել «կնքահոր», այլ ոչ թե միայն վերջինիս կլանի պատասխանատվության մասին: Անհրաժեշտ է գործել հենց հիմա», - գրում է Միխեիլ Սահակաշվիլին՝ հավելելով. «Արևմուտքի կառավարություններն արդեն իսկ քննադատել են Յանուկովիչի վարչակարգի կողմից ձեռնարկված բռնի պատժամիջոցները: Բառերը սակայն բավարար չեն: Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ սահմանեն Ուկրաինայի կառավարության այն ներկայացուցիչների և օլիգարխների նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում ուժի գործադրման համար», - գրում է Սահակաշվիլին:

«Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները, այդ թվում պարոն Կլիչկոն, պետք է հրավիրվեն Վաշինգտոն կամ Արևմուտքի այլ մայրաքաղաք՝ ամենաբարձր մակարդակի հանդիպումների մասնակցելու, և անհրաժեշտ է Մոսկվային մատնացույց անել, որ այն դադարեցնի միջամտությունն Ուկրաինայի գործերի մեջ», - կոչ է անում Վրաստանի նախկին նախագահը «Ուոլ Սթրիտ Ջորնըլ» ամերիկյան պարբերականում հրապարակված իր հոդվածում:
XS
SM
MD
LG