Մատչելի հղումներ

Սահակաշվիլի. «Նախկին ԽՍՀՄ-ի հզոր պետություններ Ռուսաստանին պետք չեն»


Վրաստանի նախագահի ելույթի ընթացքում Ռուսաստանի պատվիրակությունը հեռացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճից

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և կարելի է ասել, որ նրա խոսքի հիմնական մասը նվիրված էր տարածաշրջանում Ռուսաստանի դերին և այս երկրի ազդեցությանը ԽՍՀՄ-ի նախկին պետությունների վրա:

Նախագահ Սահակաշվիլին իր ելույթում կանխատեսել է Կրեմլից «ՊԱԿ-ի նախկին գործակալ Վլադիմիր Պուտինի» մոտալուտ հեռացումը, «Եվրասիական միություն» անվանումը կրող նախագծի ձախողումը, քննադատության է ենթարկել «վրացական հողերի շարունակվող անեքսիան», նկարագրել է իր պաշտոնավարման ժամանակ Վրաստանի ձեռքբերումները և ներողություն խնդրել Վրաստանի այն քաղաքացիներից, ում կյանքն իրեն չի հաջողվել բարելավել:

Վրաստանի նախագահի համեմատություններով լի կրքոտ ելույթի ընթացքում Ռուսաստանի պատվիրակությունը հեռացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճից՝ ավելի ուշ հանդես գալով հայտարարությամբ, որի համաձայն «Սահակաշվիլիի հոգեկան վիճակը պետք է գնահատեն մասնագետները»:

«Մի քանի տարուց Վլադիմիր Պուտինը կհեռանա Կրեմլից և կչքվի Ռուսաստանի քաղաքականությունից», - ասել է Սահակաշվիլին՝ հավելելով. «Ռուսատանի քաղաքացիները որպես հին ժամանակների մղձավանջ կհիշեն նրան՝ ճնշումների և կոռուպցիայի ժամանակների մղձավանջ: Ոչ ոք չգիտի, արդյոք այս գործընթացը կլինի խաղաղ, թե՝ բռնություններով լի, արդյոք նրա հետնորդը կլինի ազգայնական, թե՝ ազատական, սակայն կարևոր է, որ Ռուսաստանը կդադարի կայսրություն լինելուց և կվերածվի նորմալ պետության»:

Սահակաշվիլիի համաձայն, Ռուսաստանը շարունակում է անեքսիայի ենթարկել Վրաստանի հողերը՝ այդպիսով թուլացնելով Վրաստանը: Նա ասել է, որ նախօրեին ՄԱԿ-ում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը բողոքել էր իրեն այն ճնշումից, որին նրա պետությանը ենթարկում է Ռուսաստանը, ինչին Սահակաշվիլին արձագանքել է, որ նախկին ԽՍՀՄ-ի հզոր պետություններ Ռուսաստանին պետք չեն:

«Կարծում եք՝ Պուտինը ցանկանում է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ հակամարտությունից հաղթանակա՞ծ դուրս գա։ Ոչ։ Դա Հայաստանին շատ կուժեղացնի և անկախանալու մեծ ներուժ կտա։ Թե՞ կարծում եք՝ հակառակն է ճշմարիտ, որ Մոսկվան ցանկանում է, որ Բաքուն հաղթի Երևանին։ Ոչ, չի ցանկանում, որ ինչ- որ մեկն ընդհանրապես հաղթի այդ հակամարտությունում. հենց հակամարտությունն է նրանց նպատակը, քանի որ նա խոչընդոտում է ազգերի անկախ լինելուն և արգելափակում նրանց ինտեգրումը Եվրամիությանը»,- ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահի համաձայն, «Եվրասիական միության գաղափարը մշակվել է Վլադիմիր Պուտինի կողմից որպես այլընտրանք Եվրամիությանը», և որ այն վերջինիս նախագահական ժամկետի հիմնական նախագիծն է:

«Եվրասիական միության հիմքում ընկած են սկզբունքներ, որոնք հակառակ են Եվրամիության հիմնավորման սկզբունքներին: Այն սնուցվում է անհանդուրժողականությամբ, դրա ղեկավարությունը ՊԱԿ-ի նախկին գործակալներ են, նպատակը՝ վերստեղծել հին կայսրությունը: Եվրասիական միությանը միանալը հեշտ է՝ չկա որևէ սոցիալական, քաղաքական կամ տնտեսական չափանիշ: Գաղութ դառնալը շատ հեշտ է: Միակ պահանջը պասիվությունն ու միջակությունն է», - ասել է Վրաստանի նախագահը:

Սահակաշվիլին զգուշացրել է, որ Վրաստանում և ԽՍՀՄ-ի նախկին այլ պետություններում աշխատում են «Ռուսաստանի բարձրախոսներ», որոնք փորձում են բիծ գցել Եվրամիության և դրա արժեքների վրա:

«Այս հինգերորդ սյունը կապում է Եվրամիությունը ընտանեկան արժեքների, ազգային ավանդույթների ոչնչացման, գեյերի և լեսբուհիների առաջմղման մեջ։ Տարօրինակ է, որ վերջին տարիներին և ամիսներին Թբիլիսիում, Կիևում և Քիշնևում մենք լսում ենք անճոռնի նույն երաժշտությունը, որի դիրիժորը Մոկսվան է. մենք լսում ենք, որ մեր ավանդույթները ոչնչանում են Արևմուտքի ճնշման տակ, որ քրիստոնեական տոները կփոխարինվեն գեյ- շքերթներով, որ եկեղեցիները կվերածվեն Դիսնեյլենդների», - շեշտել է Վրաստանի նախագահը:

Այն ընթացքում, երբ, ըստ Սահակաշվիլիի, տարածաշրջանը մնում է հակամարտության կենտրոնում, նախկինում գրավված ազգերը պետք է միանան՝ հիմք ընդունելով իրենց հզորությունը, այլ ոչ թե շարունակեն զարգացնել իրենց թուլությունները:

«Միասնությունը պետք է դառնա մեր կանոնը Արևմտյան Եվրոպայում, այս թվում՝ Կովկասում», - ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահն իր խոսքում նշել է նաև նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում Վրաստանի ձեռքբերումները տնտեսության, կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի ոլորտում և ընդունել է իր պատասխանատվությունն այն մարդկանց հանդեպ, ում կյանքը չեն բարելավել իր պաշտոնավարման ընթացքում գրանցված ձեռքբերումները:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանի նախագահի խոսքից քիչ անց ՄԱԿ-ում Ռուսատանի ներկայացուցչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ «հիվանդագին ստահոդ արտահայտությունների հավաքածու է» անվանել Վրաստանի նախագահի ելույթը, որը, ըստ հայտարարության, «ոչ թե պարզապես հակառուսական էր, այլ ռուսատյաց և հակաուղղափառ էր»:

«Ի երջանկություն Վրաստանի ժողովրդի, մոտ է քաղաքական կարիերայի մայրամուտն այս անձի, որի հոգեկան վիճակը պետք է գնահատեն մասնագետները»:
XS
SM
MD
LG