Մատչելի հղումներ

Հարավային Կորեայի նորընտիր նախագահը զգուշացրել է Հյուսիսային Կորեայի կողմից սպառնացող վտանգի մասին


Հարավային Կորեայի նորընտիր նախագահը Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների բարելավումը կապել է վերջինիս կողմից իրականացվող միջուկային ծրագրի հարցում զիջումներ կատարելու հետ

Հարավային Կորեայի նորընտիր նախագահը հինգշաբթի օրը խոստացել է առաջնահերթ ուշադրություն դարձնել ազգային անվտանգությունը:

Այս հայտարարությամբ հանդես եկած Հարավային Կորեայի առաջին կին նախագահ Փաք Գին-հեն զգուշացրել է նաև Հյուսիսային Կորեայից սպառնացող վտանգի մասին:

Փաք Գին-հեն նախօրեին նախագահի պաշտոնում ընտրված լինելուց հետո ասել էր, որ Փխենյանի կողմից հրթիռի վերջերս կատարված արձակումը ցուցադրել է, թե որքան լուրջ է իր երկրին սպառնացող վտանգը:

Նախագահն այնուամենայնիվ անդրադարձ է կատարել նաև Հյուսիսային Կորեայի հետ կապերը բարելավելու անհրաժեշտության մասին:

Պահպանողական օրենսդիր Փաք Գին-հենը, որ չորեքշաբթի օրը դարձել է Հարավային Կորեայի ղեկավարի պաշտոնում երբևէ ընտրված առաջին կինը, ասել էր, թե փորձելու է բարելավել հարաբերությունները Փխենյանի հետ, սակայն չի ցանկանում դիմել նման քայլի այնքան ժամանակ, մինչև հարևան պետությունը զիջումների չգնա՝ վերջինիս կողմից իրականացվող միջուկային ծրագրի հարցում:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Հարավային Կորեայի նորընտիր նախագահին հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ նախատեսում է աշխատել նրա վարչակազմի հետ՝ երկու կողմերին մտահոգող հարցերը լուծելու շուրջ:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, որը նախկինում զբաղեցնում էր Հարավային Կորեայի արտգործնախարարի պաշտոնը, հանդես է եկել հայտարարությամբ՝ հույս արտահայտելով, որ Հարավային Կորեան կակտիվացնի ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից աշխարհում տնտեսական զարգացման, համաշխարհային խաղաղության և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված աշխատանքներում:
XS
SM
MD
LG