Մատչելի հղումներ

Հարավային Կորեայից աշխատողներին թույլ չի տրվել մուտք գործել արտադրական համատեղ համալիր


Հարավային Կորեայի վերամիավորման հարցերով նախարարը մտահոգություն է արտահայտել Հյուսիսային Կորեայի գործողությունների կապակցությամբ՝ հավելելով, որ նման գործողությունները «լուրջ խոչընդոտ է համալիրի կանոնավոր աշխատանքի համար»

Հյուսիսային Կորեայի իշխանությունները չորեքշաբթի օրը թույլ չեն տվել Հարավային Կորեայից աշխատողներին մուտք գործել դեպի երկու պետությունների միջև սահմանամերձ գոտում գործող արտադրական համալիր:

Հարավկորեացի հարյուրավոր աշխատողներ սովորականի նման աշխատանքի էին ժամանել երկու Կորեաներն անջատող ամրացված սահմանամերձ գոտուց դեպի հյուսիս գործող «Քեսոնգ» արտադրական համալիր, սակայն նրանց մուտքը դեպի համալիր մերժվել է:

Հարավային Կորեայի վերամիավորման հարցերով նախարարը մտահոգություն է արտահայտել Հյուսիսային Կորեայի գործողությունների կապակցությամբ՝ հավելելով, որ նման գործողությունները «լուրջ խոչընդոտ է համալիրի կանոնավոր աշխատանքի համար»:

Հյուսիսային Կորեայի իշխանությունները նախօրեին հայտարարել էին միջուկային չգործող ռեակտորի աշխատանքը վերսկսելու մասին:

«Կորեայի կենտրոնական լրատվական գործակալություն»-ը հաղորդել էր, թե Փխենյանը «կարգի կբերի և կվերագործարկի» «Յոնգբյոն» անվանումը կրող միջուկային համալիրը՝ ավելի մեծ թվով միջուկային զենք պատրաստելու, ինչպես նաև երկրի տնտեսությանն անհրաժեշտ էլեկտրաէներգիա արտադրելու համար:

Հյուսիսային Կորեայի իշխանությունների համաձայն, վերականգնողական աշխատանքներ կիրականացվեն ուրանի հարստացման գործարանում, ինչպես նաև հինգ մեգավատ հզորություն ունեցող միջուկային ռեակտորում, որի աշխատանքի արդյունքում վառելիքային ձողերի վրա կառաջանա միջուկային զենք պատրաստելու համար պիտանի պլուտոնիում:

«Յոնգբյոն» միջուկային համալիրի ռեակտորի աշխատանքը դադարեցվել էր 2007 թվականին՝ վեց պետությունների մասնակցությամբ միջուկային զինաթափման մասին բանակցությունների արդյունքում:
XS
SM
MD
LG