Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի տեղաշարժը հաստատվել է


«Կորեական թերակղզին Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև պատերազմի բնռկման շեմին է՝ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների պատճառով». Հյուսիսային Կորեայի գլխավոր շտաբ

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարն ընդունել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի տեղաշարժի փաստը՝ փորձելով այնուամենայնիվ նվազեցնել մտահոգություններն այն մասին, որ Հյուսիսային Կորեան կօգտագործի այս հրթիռը՝ վերջինիս կողմից հնչեցված սպառնալիքներն իրականացնելու նպատակով:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Քիմ Քվան-ջին հինգշաբթի օրն ասել է, թե Փխենյանը թերակղզու արևելյան ափ է տեղափոխել «գործողության զգալի շառավիղ ունեցող» մի հրթիռ՝ միաժամանակ նշելով, որ գործողության մեծ շառավիղ ունեցող այս հրթիռը, մարտունակ վիճակում լինելու դեպքում, ունակ է խոցելու Միացյալ Նահանգների մայրցամաքային տարածքը:

Պաշտպանության նախարարի համաձայն, հրթիռի տեղափոխության պատճառներն անհայտ են, սակայն նման գործողությունների Հյուսիսային Կորեան կարող էր իրականացրած լինել «փորձարկման կամ վարժանք իրականացնելու նպատակով»:

Ճապոնիայի մամուլի փոխանցմամբ, հրթիռի տեղափոխությունը գնացքի միջոցով նկատվել է ԱՄՆ-ի հետախուզական արբանյակներից մեկի միջոցով: Հարավկորեական լրատվական գործակալության համաձայն, Հյուսիսային Կորեան տեղափոխել է «Մուսուդան» տեսակի՝ գործողության միջին շառավիղ ունեցող մի հրթիռ:

Ցամաքից գործարկվող «Մուսուդան» հրթիռի երկարությունը կազմում է 12-ից 19 մետր: Հրթիռը, որը հայտնի է նաև որպես «ԲՄ-25», ունակ է կրելու 1200 կիլոգրամ քաշով հասարակ ռումբ, սակայն կարող է զինվել նաև միջուկային ռազմագլխիկով: Վերլուծաբանները սակայն կասկածում են, որ Հյուսիսային Կորեան չի դիմելու նման քայլի:

«Մուսուդան»-ի գործողության շառավիղը կազմում է մոտ 3 հազար կիլոմետր, և այն տեսականորեն կարող է խոցել թիրախներ Հարավային Կորեայի կամ Ճապոնիայի տարածքում:

Փխենյանի ռադիոյով հինգշաբթի օրը տարածվել է Հյուսիսային Կորեայի գլխավոր շտաբի հաղորդագրությունը, որի համաձայն Կորեական թերակղզին «Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև պատերազմի բնռկման շեմին է՝ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների պատճառով»:
XS
SM
MD
LG