Մի քանի հազար ցուցարար բողոքի ցույց են անցկացրել երկուշաբթի օրը, երբ Լատվիայի խորհրդարանը վերսկսել է իր աշխատանքը:
Բողոքի ցույցի մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել ռուսամետ «Հարմոնիա կենտրոն» կուսակցությունը կառավարող կոալիցիայի մեջ չընդգրկելու դեմ՝ արտասանելով երկրում էթնիկ խտրականություն իրականացնելու մասին մեղադրանքներ:
Ձախ կենտրոնամետ «Հարմոնիայի կենտրոն» կուսակցությունը սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ և առաջին տեղն է զբաղեցրել անցյալ ամիս անցկացված արտահերթ ընտրություններում: Կուսակցությունը սակայն դուրս է մնացել հիմնականում ազգությամբ լատվիացի անդամներ ունեցող երեք կուսակցության միջև անցյալ շաբաթ ստորագրված կոալիցիա ստեղծելու մասին համաձայնագրից:
Մոտ 2,2 միլիոն բնակիչ ունեցող Լատվիայի գրեթե մեկ երրորդը կազմում են էթնիկ ռուսներն ու այլ փոքրամասնությունները: Լատվիայի կառավարությունում Խորհրդային Միությունից անկախություն ձեռք բերելուց հետո 20 տարվա ընթացքում մինչ օրս ներկայացված չի եղել ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող որևէ կուսակցություն:
«Զաթլերսի բարեփոխումների կուսակցության», «Միասնություն» շարժման և «Ազգային դաշինք» կուսակցության կողմից կազմված դաշինքն արդեն իսկ հանդիպել է դժվարությունների: «Զաթլերսի բարեփոխումների կուսակցությունն» այս կիրակի օրը լքել է վեց օրենսդիր, ինչի արդյունքում կոալիցիոն կառավարությունն այժմ ունի խորհրդարանի 100 տեղերից ընդամենը 50-ը:
Սպասվում էր, որ Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինսը նոր կառավարություն ստեղծելու մասին հայտարարությամբ հանդես կգար երկուշաբթի օրը, սակայն փոխարենը նախագահն ասել է, որ կուսակցությունները պետք է վերսկսվեն բանակցությունները: