Մատչելի հղումներ

Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում «Ռուսական երթ» է անցկացվել


Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին այս անգամ չի մասնակցել ազգայնականների կազմակերպված երթին, սակայն նշել է, որ սատարում է շարժման գաղափարը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հազարավոր ազգայնականներ մասնակցել են ամեն տարի անցկացվող այսպես կոչված «Ռուսական երթ»-ում, որն ըստ ավանդույթի անցկացվում է Ռուսաստանում պետականորեն նշվող Ազգային միության տոնի օրը:

Այս տարի Մոսկվայի Լյուբլինո թաղամասում անցկացված «Ռուսական երթ»-ի մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են կայսերական Ռուսաստանի եռագույն՝ սև, սպիտակ, ոսկեգույն դրոշները:

Մի խումբ ցուցարարներ տանում էին «Երիտասարդներն ընդդեմ հանդուրժողականության» պաստառը:

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Ռուսական երթ»-ին մասնակցել են տարբեր տարիքի անձինք:

Այս տարվա «Ռուսական երթն անցկացվել է Մոսկվայի Բիրյուլևո շրջանում քաղաքի երիտասարդ բնակիչներից մեկի սպանությունից երեք շաբաթ անց: Այս սպանության իրականացման մեջ մեղադրվել էր ազգությամբ ադրբեջանցի միգրանտներից մեկը: Սպանությունը հրահրել էր ազգայնական կարգախոսների ներքո անցկացված զանգվածային անկարգություններ, որոնց մասնակիցները կոչ էին արել Ռուսաստանից վտարել Կենտրոնական Ասիայից և Հարավային Կովկասից ժամանած բոլոր միգրանտ աշխատողներին:

ՄԱԿ-ի տվյալներով Ռուսաստանում բնակվում է մոտ 11 միլիոն միգրանտ, որոնցից, ըստ Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության, պետական գրանցում է ստացել ընդամենը 718 հազար մարդ:

«Ռուսական երթ»-ի անցկացումից ընդառաջ երկրի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն այս անգամ ինքը չի մասնակցի ազգայնականների կազմակերպված ակցիային:

Նավալնին այնուամենայնիվ շեշտել է, որ սատարում է շարժման գաղափարը:

«Ռուսական երթեր» նոյեմբերի 4-ին անցկացվել են նաև Ռուսաստանի այլ քաղաքներում: Կրասնոյարսկ ու Վոլգոգրադ, ինչպես նաև Մոսկվա քաղաքներում ոստիկանությունը ձերբակալել է երթի մի քանի տասնյակ մասնակից:
XS
SM
MD
LG