Մատչելի հղումներ

Ազատ է արձակվել «Pussy Riot»-ի մասնակիցներից մեկը


Դատարանը սակայն ուժի մեջ է թողել խմբի երկու այլ մասնակիցներին ներկայացված դատավճիռը

Ռուսատանի վճռաբեկ դատարանն ազատ է արձակել «Pussy Riot» փանք ռոք խմբի մասնակիցներից մեկին, սակայն ուժի մեջ է թողել երկու այլ մասնակիցներին ներկայացված դատավճիռն այս տարվա փետրվար ամսին Մոսկվայում գտնվող տաճարում «փանք աղոթք» անցկացնելու համար:

Մոսկվայի քաղաքային դատարանի դատավորը հետաձգել է Եկատերինա Սամուցեվիչի պատժի կատարումը՝ հիմնավորելով այս որոշումն այն հանգամանքով, որ տաճարի պահակները դուրս էին վռնդել Սամուցեվիչին մինչև տաճարում ակցիայի անցկացումը:

Դատարանը սակայն ուժի մեջ է թողել խմբի երկու այլ մասնակիցներին՝ Մարիա Ալյոխինային և Նադեժդա Տոլոկոննիկովային ուղղիչ-աշխատանքային գաղութում երկու տարի ազատազրկման մասին ներկայացված դատավճիռը:

«Pussy Riot» փանք ռոք խմբի մասնակիցները «կրոնական ատելության հիման վրա խուլիգանության համար» բանտարկության են դատապարտվել այս տարվա օգոստոս ամսին: Դատարանում չորեքշաբթի օրը երեք կանայք ասել են, որ տաճարում իմպրովիզացված իրենց ներկայացումն քաղաքական, այլ ոչ թե կրոնական բնույթ ուներ:

Եռյակը ձերբակալվել էր հունվար ամսին՝ Մոսկվայում գտնվող Քրիստոս Ամենափրկչի տաճարի խորանին «փանք-աղոթք» անցկացնելուց հետո, որի ընթացքում խնդրել են ազատել Ռուսաստանը Պուտինից:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ավելի վաղ ասել էր, թե «Pussy Riot»-ի մասնակիցներին ներկայացված դատավճիռը չափազանց խիստ է: Երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս սակայն «ճիշտ» է անվանել դատավճիռը:
XS
SM
MD
LG