Մատչելի հղումներ

Ռուսաստանը կարձագանքի ՆԱՏՕ-ի ուժերի ավելացմանը


«ՆԱՏՕ-ի նման գործողությունները գնահատվելու են որպես թշնամական մտադրությունների դրսևորում». Ռուսաստանի փոխարտգործնախարար

Ռուսաստանը գնահատելու է իր սահմանների ուղղությամբ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը որպես «թշնամական մտադրությունների դրսևորում»՝ ձեռնարկելով սեփական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քաղաքական և ռազմական բնույթի միջոցներ:

Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցներին տրված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման անցյալ շաբաթ առաջարկել էր ավելացնել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ պետություններին տրամադրվող ռազմական օգնությունը:

«Մենք չենք կարող Ռուսաստանի սահմանների մոտակայքում Դաշինքի ռազմական ուժերի կուտակումն ընդունել այլ կերպ, քան թշնամական մտադրությունների դրսևորում», - հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանում անցյալ շաբաթ ունեցած ելույթի ընթացքում տեղեկացրել է Ռուսաստանի հետ սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինված ուժերին աջակցության և վերապատրաստման նպատակներով մինչև մեկ միլիարդ դոլար գումար տրամադրելու ծրագրերի մասին:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը տեղեկացրել է նաև, որ Եվրոպայում զորքերի տեղակայումը կվերանայվի՝ Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի լույսի ներքո: Որևէ բան սակայն չէր ասվել Ռուսաստանի հետ սահմանակից Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետություններ զորքերի գործուղման մասին:

«Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական զգալի լրացուցիչ ուժերի տեղակայումը, նույնիսկ ռոտացիոն կարգով, դժվար կլինի գնահատել այլ կերպ, քան 1997 թվականին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կնքված «Փոխադարձ հարաբերությունների, համագործակցության ու անվտանգության մասին հիմնարար ակտի» դրույթների ուղղակի խախտում», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

«Ստիպված ենք լինելու ձեռնարկել քաղաքական և ռազմական բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցներ՝ սեփական անվտանգության ապահովման համար», - շեշտել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Տիտովը:
XS
SM
MD
LG