Մատչելի հղումներ

«Վիքիպեդիա»-ի ռուսական տարբերակը բողոք է հայտարարել


«Վիքիպեդիա»-ի ռուսալեզու տարբերակի սկզբնական էջը՝ 10 հուլիսի 2012թ.: Վերնագիր՝ «Պատկերացրեք առանց ազատ գիտելիքների»

Փորձագետները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի օրենսդրությունում կատարվող փոփոխությունները կհանգեցնեն «համացանցի զտիչների» ստեղծման

Ռուսաստանի հասարակությունում լայնանում է դժգոհությունը «Երեխաներին առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկություններից պաշտպանելու մասին» դաշնային օրենքում և Ռուսաստանի Դաշնության օրենսդրական առանձին ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով, որոնց շուրջ լսումները հուլիսի 10-ին անցկացվել են Պետական դումայում:

Այս կապակցությամբ մեծ ժողովրդականություն վայելող «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի ռուսալեզու տարբերակը երեքշաբթի օրը մեկնարկել է մեկ օր տևողությամբ բողոքի ակցիա:

Համացանցային հանրագիտարանի ռուսալեզու տարբերակն այսօր հրապարակվել է սկզբնական էջում տեղադրված միակ կարճ հոդվածով, որը կրում է «Պատկերացրեք առանց ազատ գիտելիքների» վերնագիրը:

«Այսօր «Վիքիպեդիա»-ի համայնքը իր բողոքն է արտահայտում համայն մարդկության համար բաց գիտելիքներին վտանգ ներկայացնող գրաքննություն մտցնելու դեմ: Խնդրում ենք սատարել մեզ՝ այս օրինագծին հակազդելու գործում», - ասված է «Վիքիպեդիա»-ի ռուսալեզու տարբերակի սկզբնական էջում տեղադրված կարճ հոդվածում:

Համացանցային նախագծի շահառուները մտահոգություն ունեն, որ «Երեխաներին առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկություններից պաշտպանելու մասին» դաշնային օրենքում և Ռուսաստանի Դաշնության օրենսդրական առանձին ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը կարող է հանգեցնել Ռուսաստանում ամբողջ համացանցի արտադատարանային կարգով գրաքննության ստեղծման՝ այդ թվում դեպի «Վիքիպեդիա»-ի ռուսալեզու տարբերակի մուտքի արգելափակման:

«Վիքիպեդիա»-ի մշակողները պնդում են, որ Ռուսաստանում քննարկվող օրենքի փոփոխության դրույթներն ու ձևակերպումները երկրում կարող են դառնալ «Չինական համացանցային մեծ պարիսպի» նման մի երևույթի առաջացման:

Ռուսատանի կապի և զանգվածային հեռահաղորդակցման նախարար Նիկոլայ Նիկիֆորովն արձագանքել է «Վիքիպեդիա»-ի բողոքին՝ «Twitter»-ում հրապարակված իր հաղորդագրությունում նշելով, որ չի սատարում փակ լինելու մասին «Վիքիպեդիա»-ի որոշումը:

«Սակայն այս քայլը հասարակության կարևոր արձագանք է, որը վկայում է օրենքը կատարելոգործելու անհրաժեշտության մասին», - ասել է նախարար Նիկիֆորովը:
XS
SM
MD
LG