Մատչելի հղումներ

Ռուսաստանը դատապարտել է ԱՄՆ-ին՝ մարդու իրավունքների չարաշահումների համար


Ռուսաստանը դատապարտել է ԱՄՆ-ին՝ մարդու իրավունքների չարաշահումների համար

Ռուսաստանի արտգործնախարարությունն այլ պետություններում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի վերաբերյալ երբևէ հրապարակված իր առաջին զեկույցում մեղադրել է Միացյալ Նահանգներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ պետություններում մարդու իրավունքների չարաշահումներ իրականացնելու մեջ:

Չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում Միացյալ Նահանգները քննադատության է արժանացել Կուբայում գտնվող Գուանտանամո Բեյ ռազմական բանտի գործունեությունը շարունակելու համար: ԱՄՆ-ի Սպիտակ տունը մեղադրվել է նաև ԿՀՎ-ի պաշտոնատար անձանց և գործակալներին դատավարությունից պաշտպանելու մեջ:

Բացի դրանից, Ռուսաստանի արտգործնախարարության կողմից հրապարակված զեկույցում հիշատակվել է «ԱՄՆ-ի իշխանությունների կողմից իր քաղաքացիների կյանքի գաղտնիության ներխուժումը»՝ ասելով, որ «Միացյալ Նահանգներում ստեղծված իրավիճակը հեռու է իդեալական լինելուց»:

Ռուսաստանի արտգործնախարարությունն անցյալում խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին՝ մարդու իրավունքների ոլորտում կատարված խախտումների համար Ռուսաստանին մեղադրանքներ ներկայացնելու, ինչպես նաև ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցներ հրապարակելու պատճառով:

Մարդու իրավունքների գծով արտգործնախարարության ներկայացուցիչը, ելույթ ունենալով զեկույցի հրապարակմանը նվիրված ելույթով, այս տարի Լիբիայում տեղի ունեցած հակամարտության ընթացքում մարդու իրավունքների տեղ գտած խախտումների համար մեղադրել է նաև ՆԱՏՕ-ին: Նրա կարծիքով, Լիբիայում միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերի վերաբերյալ անհրաժեշտ է «անկողմնակալ հետաքննություն անցկացնել»:

XS
SM
MD
LG