Մատչելի հղումներ

Ռուսաստանը կարող է վարկ տրամադրել Ուկրաինային


Պուտինի տնտեսական հարցերով խորհրդականի համաձայն հնարավոր է, որ նախագահներ Պուտինի և Յանուկովիչի միջև երեքշաբթի օրը կայանալիք հանդիպման ընթացքում ձեռք բերվի վարկ տրամադրելու մասին համաձայնություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տնտեսական հարցերով խորհրդական Անդրեյ Բելոուսովը երկուշաբթի օրն ասել է, որ երկիրը պատրաստ է Ուկրաինային վարկեր տրամադրել՝ Կիևին տնտեսական խնդիրների հաղթահարման գործում օգնություն տրամադրելու և Ուկրաինան Մոսկվայի ազդեցության ներքո պահելու նպատակով:

Պուտինի տնտեսական հարցերով խորհրդականն ասել է, թե հնարավոր է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև երեքշաբթի օրը կայանալիք հանդիպման ընթացքում ձեռք բերվի վարկ տրամադրելու մասին համաձայնություն:

«Չեմ բացառում այն հնարավորությունը, որ, նման խնդրանքի դեպքում Ուկրաինային կարող է վարկ տրամադրվել: Ուկրաինայում ներկայում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ առանց կողմերից մեկի վարկի տրամադրման նրանք պարզապես չեն կարողանալու պահպանել տնտեսական կայունությունը», - ասել է Պուտինի տնտեսական հարցերով խորհրդական Բելոուսովը:

Ուկրաինայի իշխանությունները փորձում են հայթայթել տնտեսական օգնություն, որը թույլ կտա նրանց գալիք տարի ծածկել մոտ 17 միլիարդ դոլարի բյուջեի պակասորդը, որի չափը գրեթե հավասար է երկրի կենտրոնական բանկի պաշարներին:

Պուտինի տնտեսական հարցերով խորհրդականն այնուամենայնիվ չի հիշատակել, թե որքան է Ռուսաստանը պատրաստ տրամադրել Ուկրաինային:

Եվրոպական Միության իշխանությունները նախօրեին հանդես էին եկել հայտարարությամբ, որի համաձայն դաշինքը դադարեցնում է Ուկրաինայի հետ առևտրի և համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շուրջ աշխատանքները, քանի որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը պարտավորություն չի ստանձնել ստորագրելու իր կողմից անցյալ ամսվա վերջին մերժված համաձայնագիրը:

Պաշտոնական Բրյուսելի համաձայն, հետագա քննարկումները շարունակելու համար Ուկրաինայի իշխանություններից պահանջվում է ստանալ «համաձայնագիրը ստորագրելու հստակ հանձնառություն»:
XS
SM
MD
LG