Մատչելի հղումներ

Ռուսաստանն Ուկրաինային 15 միլիարդ դոլար կտրամադրի


Պուտինը հավաստիացրել է, թե Յանուկովիչի հետ հանդիպման ընթացքում նախագահներն «ընդհանրապես չենք անդրադարձել» Մաքսային միությանը Ուկրաինայի միանալու հարցին

Ռուսաստանի իշխանությունները երեքշաբթի օրը համաձայնություն են տվել Ուկրաինային 15 միլիարդ դոլարի օժանդակություն տրամադրելու, ինչպես նաև մեկ երրորդով Ուկրաինա առաքվող բնական գազի գինը նվազեցնելու մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո հանդես գալով գործարքը կնքելու մասին համաձայնություն ձեռք բերելու մասին, ասել է, որ Ռուսաստանը կօգնի Ուկրաինային լուծել արտաքին պարտքը վճարելու հետ կապված խնդիրները, սակայն հանդիպման ընթացքում չի քննարկվել Կիևի կողմից Ռուսատանի առաջնորդությամբ գործող Մաքսային միությանը միանալու հարցը:

«Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինայի թողարկած արժեթղթերի վերածել Ազգային բարեկեցության հիմնադրամի պաշարների մի մասը: Դրանց ծավալը կկազմի 15 միլիարդ դոլար», - ասել է Պուտինը Կրեմլում՝ Ուկրաինայի նախագահ ներկայությամբ:

Նախագահ Պուտինն իր խոսքում ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ այս օգնությունը կապված չէ որևէ նախապայմանների հետ:

«Հավաստիացնում եմ, որ մենք այսօր ընդհանրապես չենք անդրադարձել Մաքսային միությանը Ուկրաինայի միանալու հարցին», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Ռուսատանի և Ուկրաինայի նախագահների միջև ձեռք բերված համաձայնությամբ Ուկրաինայի «Նավթոգազ» էներգետիկական ընկերությունը հազար խորանարդ մետր գազի դիմաց Ռուսաստանի «Գազպրոմ»-ին կվճարի 268,5 դոլար: Նախորդ գինը նույն ծավալի գազի դիմաց կազմում էր մոտ 400 դոլար:

Ուկրաինայի էներգետիկայի նախարարի համաձայն, նոր գինն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսվանից:
XS
SM
MD
LG