Մատչելի հղումներ

Ռուսաստանը հորդորել է Սիրիայի կառավարությանը երկխոսություն մեկնարկել ընդդիմության հետ


Մոսկվան բանակցություններ անցկացնելու հրավեր է հղել աշխարհի բազմաթիվ պետությունների կողմից որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ ճանաչված «Սիրիայի ազգային խորհրդին»

Ռուսաստանի իշխանությունները, փորձելով ակտիվացնել Սիրիայում արդեն 21 ամիս տևող հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, հորդորել են այդ երկրի կառավարությանը կյանքի կոչել ընդդիմության հետ բանակցություններ անցկացնելու խոստումը:

Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրն ասել է, թե այս շաբաթվա ընթացքում Սիրիայի պաշտոնյաների հետ ունեցած հանդիպման ժամանակ հորդորել է վերջիններիս պատրաստակամություն հայտնել «քննարկելու խնդիրների հնարավորինս լայն շրջանակ»:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ուրբաթ օրն ավելի վաղ հայտնել է, որ Մոսկվան բանակցություններ անցկացնելու հրավեր է հղել աշխարհի բազմաթիվ պետությունների կողմից որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ ճանաչված «Սիրիայի ազգային խորհրդին»:

Տարածաշրջանում Կրեմլի հանձնակատար Բոգդանովն ասել է նաև, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու վերաբերյալ առաջարկությունները քննարկելու նպատակով գալիք ամիս ինքը կհանդիպի ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ուիլյամ Բերնսի և խաղաղության միջազգային հանձնակատար Լախդար Բրահիմիին հետ:

Բրահիմին, որը շաբաթ օրը կժամանի Ռուսաստան, առաջարկել է կազմել Սիրիայում անցումային շրջանի կառավարություն, որը կկառավարի երկիրը՝ մինչև ընտրությունները: ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատարը հինգշաբթի օրն ասել է, թե առաջարկվելիք ցանկացած ծրագիր պետք է արդյունքում բերի «իրական փոփոխությունների», սակայն չի մանրամասնել, թե արդյոք այդ փոփոխությունները պետք է ներառեն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնաթողությունը, որը պահանջում է երկրի ընդդիմությունը:

Ռուսաստանը մինչ այժմ հերքել է Ասադի պաշտոնաթողությունը որպես Սիրիայի կառավարության և ընդդիմության կազմակերպությունների միջև բանակցություններ մեկնարկելու նախապայման:
XS
SM
MD
LG