Մատչելի հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ը տեղեկացրել է Ուկրաինայի սահմանների մոտակայքից զինված ստորաբաժանումների դուրսբերման մասին


ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ Ուկրաինայում խռովությունների պատճառով արդեն 10 հազար խաղաղ բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները, և տեղահանված անձանց թիվը շարունակում է աճել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում մոտ 40 հազար զինծառայողից կազմված զորախումբը մեկնարկել է ռազմական ճամբարների ապամոնտաժման աշխատանքները:

Ռուսաստանի իշխանությունների համաձայն, Բրյանսկի, Բելգորոդի և Ռոստովի մարզերում զորավարժություններ անցկացնող ուժերը պատրաստվում են վերադառնալ մշտական տեղակայման վայրեր:

ՆԱՏՕ-ի ու Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչներն ավելի վաղ հանդես են եկել հայտարարությամբ, որոնց համաձայն նրանք չեն տեսնում Ուկրաինայի սահմանների մոտակայքում գտնվող շրջաններից Ռուսաստանի զինված ստորաբաժանումների դուրսբերմանն ուղղված որևէ գործողություններ՝ չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այդ մասին տրված համապատասխան կարգադրության:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, հանդես գալով երեքշաբթի օրը Ռումինիայում, ասել է, որ «Եվրոպայի սահմաններն այլևս չպետք է փոփոխվեն՝ ատրճանակի փողի տակ»:

Փոխնախագահ Բայդենը ժամանել է Ռումինիա ՝ Միացյալ Նահանգների կողմից արևելաեվրոպական իր դաշնակիցներին տարածաշրջանի պետությունները սատարելու պատրաստակամության մեջ վստահեցնելուն միտված այցի շրջանակներում:

ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ Ուկրաինայում խռովությունների պատճառով արդեն 10 հազար խաղաղ բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները, և տեղահանված անձանց թիվը շարունակում է աճել:

ՄԱԿ-ի համաձայն, կազմակերպությունը նրանց տրամադրում է իրավաբանական և ֆինանսական, ինչպես նաև ժամանակավոր կացության պայմանների բարելավմանն ուղղված աջակցություն:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ուկրաինայում կիրակի օրը կայանալիք նախագահական ընտրությունները կարող են խորացնել երկրում առկա քաղաքական տարաձայնությունները, եթե չդադարեցվեն ռազմական գործողությունները: Կարասինը, բացի այդ, անհանգստություն է արտահայտել Ուկրաինայի իշխանությունների կողմից երկրի արևելյան շրջաններում անջատողականների կողմից գրավված շենքերի նկատմամբ վերահսկողության հաստատման նպատակով անցկացվող գործողություններով:

Ուկրաինայի արևելյան քաղաքների մի քանի հազար բնակիչ այս ընթացքում մասնակցել է Ուկրաինայի ամենահարուստ մարդու՝ մետաղագործական ոլորտում գործող միլիարդատեր Ռինատ Ախմետովի կողմից կազմակերպված բողոքի խաղաղ ցույցերին: Ախմետովը մեղադրել է անջատողականների խմբավորումներին կողոպուտ իրականացնելու մեջ՝ շեշտելով, որ վերջիններս «պայքար են մղում ընդդեմ տարածաշրջանի բնակիչների»:

Ի պատասխան Ախմետովի հայտարարության՝ ռուսաստանամետ անջատողականների առաջնորդ Դենիս Պուշիլինը հայտարարել է, թե այսպես կոչված «Դոնեցկի ժողովրդական կազմակերպությունը» սկսելու է ազգայնացնել տարածաշրջանում գործող այն օլիգարխների ակտիվները, որոնք հրաժարվում են հարկեր վճարել ինքնահռչակ պետությանը:
XS
SM
MD
LG