Մատչելի հղումներ

«Սիրիայի իշխանությունները սկզբունքորեն համաձայնվել են մասնակցել խաղաղության համաժողովին»


Ռուսաստան. «Դեռևս հնարավոր չէ խոսել համաժողովի անցկացման որևէ հստակ ամսաթվի մասին, քանի որ պարզ չէ, թե ով է հանդես գալու Սիրիայի ընդդիմության կողմից»

Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ Սիրիայի կառավարությունը «սկզբունքորեն համաձայնվել է» մասնակցել երկրի ապագայի շուրջ անցկացվելիք խաղաղության միջազգային համաժողովին:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն ուրբաթ օրը հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները համաձայնություն են հայտնել Ժնևում գալիք ամիս Ռուսատանի և ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող խաղաղության համաժողովի մասնակցելու վերաբերյալ՝ նշելով սակայն, որ դեռևս հնարավոր չէ խոսել համաժողովի անցկացման որևէ հստակ ամսաթվի մասին, քանի որ պարզ չէ, թե ով է հանդես գալու Սիրիայի ընդդիմության կողմից:

Սիրիայի ընդդիմության ակնառու ներկայացուցիչներից մեկը նախօրեին հանդես է եկել երկիրը ճգնաժամից դուրս բերելու ծրագրով, որտեղ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին պահանջ է ներկայացվում փոխանցել իշխանությունն իր օգնականին և լքել երկիրը: Այս ծրագիրը Սիրիայի ազգային դաշինքի առաջնորդ Մոազ ալ-Խաթիբը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

Ալ-Խաթիբի ծրագրի համաձայն, Ասադին տրվում է 20 օր՝ ծրագրի պայմաններն ընդունելու համար, և ևս մեկ ամիս՝ խորհրդարանը ցրելու և իշխանությունը երկրի փոխնախագահ Ֆարուք ալ-Շարային կամ վարչապետ Վաել ալ-Հալքիին փոխանցելու համար:

Ծրագրում Սիրիայի կառավարությանը նաև կոչ է արվում ազատ արձակելու բոլոր քաղբանտարկյալներին:

Սիրիայի կառավարությունը դեռևս պաշտոնական որևէ արձագանք չի ներկայացրել ալ-Խաթիբի ծրագրին, սակայն երկրի նախագահ Բաշար ալ-Ասադն ավելի վաղ խոստացել էր չլքել իր պաշտոնը:
XS
SM
MD
LG