Մատչելի հղումներ

«Սիրիայի կառավարությունը գալիք շաբաթ կվերսկսի ընդդիմության հետ բանակցությունները». Ռուսաստան


Մոսկվայում արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է «Սիրիայի ազգային դաշինքի» նախագահ Ահմադ Ջարբային

Ռուսաստանի պաշտոնյաների համաձայն, սպասվում է, որ Սիրիայի կառավարությունը հաջորդ շաբաթ կվերսկսի երկրի ընդդիմության հետ սկսած բանակցությունները՝ շարունակելով անցյալ շաբաթ Ժնևում ավարտված բանակցությունները բացման փուլը:

Այս տեղեկությունները Ռուսաստանի պաշտոնյաները հայտնել են՝ Մոսկվայում երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և «Սիրիայի ազգային դաշինքի» նախագահ Ահմադ Ջարբայի միջև անցկացված հանդիպումից հետո:

Արտգործնախարար Լավրովն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է մշտական կապ հաստատել ընդդիմության հետ: Նա ասել է նաև, որ Ռուսաստանն աշխատում է բոլոր կողմերի հետ՝ Սիրիայում շարունակվող ճգնաժամին քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ:

«Հորդորում ենք Եվրոպայի և Ամերիկայի մեր գործընկերներին, տարածաշրջանի երկրներին որդեգրել նույն մոտեցումը: Համոզված ենք, որ նրանք պետք է աշխատեն Սիրիայի հակամարտության բոլոր կողմերի հետ անխտիր՝ քաղաքական կողմերի հետ, իհարկե, այլ ոչ թե ահաբեկչական խմբավորումների հետ», - նշել է Լավրովը:

«Սիրիայի ազգային դաշինքի» նախագահ Ջարբան իր հերթին ասել է, որ ընդդիմությունը նախատեսում է շարունակել բանակցությունները, և որ Ռուսաստանը կարևոր դեր ունի Սիրիայում քաղաքական լուծման հասնելու գործում:

Ռուսաստանի լրատվամիջոցները, բացի այդ, երեքշաբթի օրը, մեջբերելով երկրի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի խոսքը, տեղեկացրել են, որ Սիրիայի իշխանություններն այս ամիս նախատեսում են երկրից հեռացնել քիմիական զենքի մեծ ծավալներ: Այս աշխատանքներն իրականացվելու են Սիրիան մինչև այս տարվա կեսը քիմիական զենքից ազատելու ծրագրի շրջանակներում:

ԱՄՆ-ի իշխանություններն անցյալ շաբաթ քննադատության էին ենթարկել Սիրիային՝ երկրից քիմիական զենքի հեռացման աշխատանքները դանդաղ կատարելու համար:
XS
SM
MD
LG