Մատչելի հղումներ

Մոսկվայում անցկացվել է Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման արարողությունը


Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը մասնակցել է Ռուսաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 17-ին անցկացվել է Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությունը:

«Մոսկվայի կենտրոնում ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառուցված հայկական եկեղեցական համալիրը, որի շինարարական աշխատանքներն սկսվել էին դեռևս 2006 թվականից, ընդգրկում է Մայր Տաճարը, Սուրբ Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով և գոտևորված է խաչերով, զարդաքանդակներով ու մեսրոպատառ գրերով: Համալիրն իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով պատմում է հայ ժողովրդի մասին, ներկայացնում Հայոց պատմության դարակազմիկ էջերը` գրերի գյուտ, քրիստոնեության ընդունում, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքար, ոսկե դար և այլն: Զարդաքանդակներն ու պատկերաքանդակները ներդաշնակորեն համադրված են եկեղեցական համալիրով մեկ սփռված հայ քանդակագործության խորհրդանիշը դարձած բազմաթիվ խաչքարերի հետ», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Մայր Տաճարի օծման հանդիսավոր ծիսակատարությունը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, արարողությանն իր օրհնությունն է բերել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը:

Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը մասնակցել է Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ներկա են եղել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի պետական և հասարակական գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Հայաստանի և արտերկրի խոշորագույն թեմերի առաջնորդներ, Ռուսաստանի Դաշնության կրոնական հարանվանությունների առաջնորդներ, ներկայացուցիչներ և բարերարներ:

«Հայաստանի նախագահն այցելել է նաև համալիրի կրթամշակութային և հյուրանոցային մասնաշենքեր, որից հետո եկեղեցու բակում ներկա է գտնվել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Սիրո և եղբայրության» հուշաղբյուրի բացման արարողությանը», - ասված է հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG