Մատչելի հղումներ

Պուտին. «Գրինփիս»-ի ակտիվիստները ծովահեն չեն


Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է Արկտիկայում նավթի հարթակներից մեկում բողոքի ակցիա անցկացնելու ժամանակ բնապահպանների ձերբակալության հետ կապված միջադեպը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն բնապահպանական «Գրինփիս» կազմակերպության ակտիվիստները, որոնց ծովահենության մեղադրանքներ են ներկայացվել, ծովահեն չեն՝ չնայած այն հանգամանքի, որ խախտել են միջազգային իրավունքը՝ բողոքի ցույց կազմակերպելով Արկտիկայում Ռուսաստանի նավթի առաջին հարթակում:

«Ակնհայտ է, որ նրանք ծովահեն չեն, սակայն ցանկանում էին գրավել հարթակը, և մեր իրավապաշտպան կազմակերպությունները, մեր սահմանապահները չգիտեին, թե ով է փորձում գրավել հարթակը՝ «Գրինփիս»-ի քողի տակ», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ հանդես գալով Սալեխարդ քաղաքում անցկացվող Միջազգային արկտիկական համաժողովում:

«Շատ ավելի լավ կլիներ, եթե «Գրինփիս»-ի ներկայացուցիչները հիմա ներկա գտնվեին այս դահլիճում և բարձրաձայնեին իրենց վերաբերմունքն այստեղ քննարկվող խնդիրներին, իրենց պահանջները, ձևակերպեին իրենց մտահոգությունները», - հավելել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահն անդրադարձել էր սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպին, երբ «Գրինփիս»-ի ակտիվիստները, «Արկտիկ-Սանրայզ» նավով «Գազպրոմ նևֆտ շելֆ» ընկերությանը պատկանող «Պրիրազլոմնայա» նավթի ծովային հարթակին մոտենալուց հետո փորձել էին բարձրանալ այնտեղ՝ անցկացնելու համար բողոքի ցույց Պեչորայի ծովում նավի արդյունահանման դեմ:

Ակտիվիստները ձերբակալվել էին Ռուսաստանի սահմանապահների կողմից, նրանց ներկայացվել էին ծովահենության մեղադրանքներ:

«Գրինփիս» կազմակերպությունը պնդում է, որ իր ակտիվիստների ձերբակալությունն անօրինական է, և պահանջում է ոչ միայն ազատ արձակել նրանց, այլև ընդհանրապես դադարեցնել նավթի արդյունահանումն Արկտիկայում:
XS
SM
MD
LG