Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կառավարությունը իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ


Զոհվել է ավելի քան 170 մարդ, Պուտինը պատասխաններ է պահանջել

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի զոհ է գնացել ավելի քան 170 մարդ:

Երկրի ներքին գործերի նախարարության օպերատիվ շտաբի տվյալների համաձայն, զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է մարզի Կրիմսկի շրջանում՝ 159 մարդ, երկու մարդ զոհվել է Նովոռոսիյսկ քաղաքում, տասը մարդ՝ Գելենջիկ քաղաքում:

Ջրհեղեղից տուժել է ավելի քան 12 հազար մարդ, հարյուրավոր մարդիկ, որոնց թվում շատ են երեխաները, դիմել են բուժօգնության: Հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան հարյուր մարդ:


Ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 1 միլիարդ ռուբլին՝ 31 միլիոն դոլարը: Տուժած շրջաններ նախատեսվում է առաքել 40 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Աղետի գոտի այցելած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխաններ է պահանջել բազմաթիվ զոհվածների պատճառը դարձած ջրհեղեղից հետո:

«Ես խնդրել եմ Ռուսաստանի հետաքննչական հանձնաժողովի նախագահին իր ծառայողներին ուղարկել այստեղ, որտեղ նրանք կուսումնասիրեն պաշտոնատար անձանց գործողությունները, ինչպես է իրականացվել բնակիչների տեղեկացումը, երբ են տարածվել լուրերը, ինչ և երբ է տեղի ունեցել, և ով և ինչպես է գործել», - ասել է Պուտինը:

Երկրի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաները հավաստիացրել են նախագահ Պուտինին, որ ջրհեղեղը տեղի չի ունեցել Կրիմսկի մոտակայքում գտնվող ջրամբարի աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին սոցիալական ցանցերում հաղորդագրություններ էին հրապարակել քաղաքի բնակիչները, սակայն Կրասնոդարի երկրամասի իշխանությունները, ներառյալ մարզպետ Ալեքսանդր Տկաչենկոյին, «անհեթեթ ասեկոսեներ» են անվանել նման տեղեկությունները:

Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցածի կապակցության Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության կայքում հրապարակվել է հայտարարություն, որտեղ ԱՄՆ-ի կառավարությունն իր ցավակցությունն է հայտնել մարզում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ:

«Խորին ցավակցություն ենք հայտնում աղետի զոհերի ընտանիքներին: Պատրաստ ենք օգնություն տրամադրել Ռուսաստանի և Կրասնոդարի երկրամասի իշխանություններին՝ նման օգնության կարիքը լինելու դեպքում», - ասված է ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետի՝ բազմաթիվ մարդկային կյանքեր խլած Կուբանի ջրհեղեղի կապակցությամբ հուլիսի 8-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այս դժվարին պահին մենք ռուս ժողովրդի հետ ենք և պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն՝ պատուհասած ողբերգության հետևանքների հաղթահարման համար: Խնդրում եմ խորը վշտակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին», - Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Ռուսաստանում հուլիսի 9-ը Համազգային զգո օր է հայտարարվել:
XS
SM
MD
LG