Մատչելի հղումներ

Ռուսաստանը խոստացել է միջոցներ ձեռնարկել՝ երգի մրցույթի «գողացած» ձայների համար


Ադրբեջանի նախագահը կարգադրել է հետաքննություն անցկացնել Ռուսաստանին կողմ ձայն չտալու հանգամանքով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն անդրադարձել է «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի ժամանակ իր երկրից «ձայներ գողանալու» հանգամանքին:

Այս հարցին Լավրովն անդրադարձել է՝ բարձրաձայնելով այն հանգամանքը, որ երգի մրցույթի Ռուսաստանի մասնակից Դինա Գարիպովան ենթադրաբար զրկվել էր Ադրբեջանի կողմից իրեն տրված տասը միավորից:

«Այս տասը միավորը, որոնք գողացվել են մեր մասնակցից, չեն նպաստում մեր գոհունակությանը «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի կազմակերպմամբ»՝ ասել է Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամադյարովի հետ անցկացված համատեղ ասուլիսի ժամանակ՝ զգուշացնելով, որ «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչների «վիրավորական քայլը Ռուսաստանի մրցակցի նկատմամբ անպատասխան չի մնա»:

«Գարիպովան, որը մրցույթի ժամանակ կատարել էր «What If» բալադը, 17 միավորով հետ էր մնացել չորրորդ տեղը զբաղեցրած Նորվեգիայի մասնակցից: «Գողացված» 10 միավորն տեղերի ընդհանուր բաշխման արդյունքներում նշանակալի փոփոխության չէին բերի, սակայն Լավրովի համաձայն, դա չէ էականը», - գրում է ամերիկյան «Յու-Էս-Էյ Թըդեյ» պարբերականը:

Ըստ պարբերականի, Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին Ռուսաստանի հեռուստատեսությանը հայտնել է, թե անհնար է, որ Գարիբովան Ադրբեջանից չստանար որևէ միավոր այն դեպքում, երբ Ռուսաստանն Ադրբեջանի օգտին էր տվել 12 միավոր՝ միավորների առավելագույն թիվը: Բյուլբյուլօղլիի համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ձայների անհայտանալու փաստով կարգադրել է հետաքննություն անցկացնել:

Ռուսաստանի արտգործնախարարի հետ անցկացված ասուլիսի ընթացքում Մամադյարովն ասել է, թե «բջջային բոլոր երեք օպերատորներից ստացված արդյունքների համաձայն, Ռուսաստանին տրվել էր երկրորդ տեղը»: Մամադյարովի համաձայն, այն հարցը, թե ինչ է տեղի ունեցել քվեների հետ, պետք է ուղղվի Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը:

Հիշեցնենք, որը «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած «Դորիանս» ռոք-խումբը եզրափակիչում զբաղեցրել է 18-րդ տեղը:
XS
SM
MD
LG