Մատչելի հղումներ

Կրեմլ. «Օբամայի որոշումը հիասթափեցնող է»


«Ակնհայտ է, որ այս որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատող Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով՝ մի իրավիճակի, որը մենք չենք ստեղծել»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնելու վերաբերյալ ծրագրերը չեղյալ հայտարարելու մասին որոշումը հիասթափեցնող է, սակայն նրան դեռևս սպասում են Ռուսաստանում:

Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Յուրի Ուշակովը:

«Նախագահ Օբամայի կողմից սեպտեմբերի սկզբին Մոկսվա կատարվելիք իր այցի ծրագրերը չեղյալ հայտարարելու մասին որոշումը մեզ համար հիասթափեցնող է», - նշել է Ուշակովը՝ հավելելով. «Ակնհայտ է, որ այս որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատող Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով՝ մի իրավիճակի, որը մենք չենք ստեղծել»:

Ուշակովն ասել է, որ սառըպատերազմյան հակառակորդների միջև Սնոուդենի հարցով անհամաձայնությունը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը հավասար գործընկեր չի համարում Ռուսաստանին: Նա վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումն այն մասին, որ 30-ամյա Սնոուդենը չի կարող հանձնվել Միացյալ Նահանգներին՝ երկու պետությունների միջև հանցագործների հանձնման մասին համաձայնագրի բացակայության պատճառով:

«Տարիներ շարունակ ամերիկացիները խուսափել են Ռուսաստանի հետ հանցագործների հանձնման մասին համաձայնագիր ստորագրելուց և մշտապես հրաժարվել են Ռուսաստանում հանցագործություններ կատարած անձանց հանձնելու մեր դիմումները բավարարելուց՝ վկայակոչելով նման համաձայնագրի բացակայությունը», - ասել է Ուշակովը՝ հիշեցնելով, որ Օբամային Ռուսաստան այցելելու հրավերն ուժի մեջ է մնում:
XS
SM
MD
LG